«Սպարտակ» բալետը նորից օպերայի բեմում

09:22 • 27.04.09

Մայիսի 5-ին և 6-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա մեծ պրեմիերա. բեմ կբարձրանա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը` ռուս անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ: Վերջինս դեռ փետրվարի վերջին ժամանել էր Երևան և անձամբ գլխավորում էր ներկայացման փորձերը:

Երևանյան նոր «Սպարտակ»-ում աշխատում է շուրջ 90 արտիստ` այդ թվում և «Բարեկամություն» անսամբլի մենապարողները: Սպարտակի դերի համար ընտրվել են 2 մենակատարներ` Ռուբեն Մուրադյան և Սևակ Ավետիսյան:

Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետը գրել է 1954թ., որի համար արժանացել է Լենինյան մրցանակի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը Մոսկվայի «Մեծ թատրոն»-ում «Սպարտակ» բեմադրել է դեռ 1958թ.: Իսկ Երևանում այն բեմադրվել է Ե. Չանգայի կողմից 1961թ. և Վիլեն Գալստյանի` 1977թ.: