Շերոն Սթոունի եղբայրը հույս ունի, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մոտ ապագայում

14:07 • 29.04.09

Դերասան, բանաստեղծ և երաժիշտ Մայքլ Սթոունն այս օրերին Երևանում է և վաղը` ապրիլի 30-ին, Ֆլորա Մարտիրոսյանի հետ կներկայացնի համատեղ գործունեության արդյունք հանդիսացող համերգը, որ կրում է «Քելե Լաո» խորագիրը:

Մայքլ Սթոունը դեռ 18 տարեկանում 4 տարի մասնակցել է Վիետնամի պատերազմին, հետագայում քրոջ` դերասանուհի Շերոն Սթոունի հետ միասին զբաղվում է խաղաղարար գործունեությամբ, վերջին տարիներին համագործակցում է Ֆլորա Մարտիրոսյանի հետ, աջակցում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Հռոմը մեկ օրում չի կառուցվել», - հիշեցնում է Մայքլ Սթոունն ու հույս հայտնում, որ ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբաման արդյունավետ քաղաքականություն կվարի հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժեր ու փոփոխություններ արձանագրելու համար: «Հույս ունեմ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մոտ ապագայում, գիտեմ, որ Օբաման արդեն խոսել է Թուրքիայի նախագահի հետ»:

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Մայքլ Սթոունը կոչ է արեց վերջ դնել պատերազմներին ու խոսել մարդկային, հասկանալի լեզվով: Պատմեց, որ ինքն ամեն օր հետևում է լրատվությանը, փորձում տեղյակ լինել աշխարհում գոյություն ունեցող խնդիրներին ու իր չափով ճանապարհներ է փնտրում որևէ բան փոխելու համար:

Վերջին տարիներին բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ հայկական մեծ համայնքի հետ է շփվում, ուրախ է, որ նահանգապետը մեծ հայանպաստ և ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեություն է ծավալում: