«Անճառելի հրաշք» կամ բացառապես երգչախմբային հոգևոր երաժշտություն
Շարունակվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում այսօր կկայանա երկրորդ համերգը`«Անճառելի հրաշք» խորագրով: Համերգին մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ:
«Անճառելի հրաշք» համերգի խորագրի ընտրությունը պայմանվորված է այն հանգամանքով, որ ծրագրում ընդգրկված է բացառապես ուղղափառ հոգևոր երաժշտություն, հնչելու են Ստրավինսկու, Շնիտկեի, Սվիրիդովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հայաստանի կամերային երգչախումբը հիմնվել է 2000թ., իսկ 2008թ. ստացել պետական կարգավիճակ: Երգչախումբը կազմված է 35 երգիչներից, ունի բազմաբնույթ ծավալուն երգացանկ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը «Մովսես Խորենացի» մեդալակիր է, արվեստի վաստակավոր գործիչ:
«Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնն այս տարի անցկացվում է 5-րդ անգամ` մշակույթի նախարարության աջակցությամբ:










