Երևանի Փոքր թատրոնը բեմադրելու է Ռիչարդ Բախի «Ճայը»

14:06 • 04.05.09

Երևանի Էսթետիկ դաստիարակության ազգային կենտրոնին կից գործող Փոքր թատրոնը պատրաստում է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անվամբ ճայը» պատմվածքի բեմադրությունը։

Ինչպես հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, փորձերին ներգրավված է թատերական ստուդիայի հիմնական կազմը, որտեղ պարապում են տարբեր տարիքի՝ 6-ից մինչև 18 տարեկան երեխաներ։

Նա նշել է, որ դեռևս չի կարողանում գտնել գլխավոր դերակատարի դերասանին։ «Այդ իսկ պատճառով այս հարցը կգտնի յուրօրինակ լուծում։ Հնարավոր է, որ այդ կերպարը չի մարմնավորվելու բեմում, կամ էլ ես կբաշխեմ այդ դերը մի քանի դերասանների միջև»,- բացատրել է Բադալյանը։

Խոսելով ծրագրերի մասին՝ նա նաև տեղեկացրել է, որ Փոքր թատրոնն արդեն ստացել է երկու հրավեր։ Այսպես, մայիսի 13-17-ը Փոքր թատրոնը կմասնակցի Ավստրիայում անցկացվող երիտասարդ թատրոնների փառատոնին, որտեղ կցուցադրի «Օֆելիայի ստվերների թատրոնը» ներկայացումը, իսկ մայիսի 28-31-ը «Յոթ զգայարաններ» ներկայացմամբ հանդես կգա Ռումինիայում։