Վալերի Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Այսօր աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի և նրա հետ Հայաստան ժամանած բալետի լեգենդար պարուհի Մայա Պլեսեցկայայի, մեծանուն կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի, անվանի դաշնակահար Դենիս Մացուևի հետ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը։
Ողջունելով մշակույթի անվանի գործիչների այցը Հայաստան՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր։ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վերջերս կայացած հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել հումանիտար ոլորտում երկու երկրների լայն համագործակցությունը։
Սերժ Սարգսյանի խոսքով` հումանիտար ոլորտում արդյունավետ գործակցությունը, հագեցած միջոցառումները մեկ անգամ եւս խոսում են երկու ժողովուրդների հոգեւոր ամուր կապերի մասին։
«Հայաստան եմ եկել մեծ ուրախությամբ և հատուկ զգացումներով»,- ընդգծել է աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը։ Նշելով, որ իր ղեկաված նվագախմբի հետ այսօր հանդես են գալու նաև հայ երաժիշտներ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարն ասել է, որ աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանն, իրավմամբ, կարող է հպարտանալ։
Զրուցակիցները կարեւորելով նման շփումները, ընդգծել են արվեստի մեծ դերը ժողովուրդների մերձեցման գործում։
Նույն օրը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին հանձնվել է նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար։










