20 մլն դրամ պետբյուջեից. «Սպարտակ»-ի բեմադրության համար ստիպված են եղել տղաներից շատերին հետ կանչել զինվորական ծառայությունից
«Խաչատրյանի երաժշտությունը լսելիս հենց այնպես նստել չեն կարող, ուզում ես պարել», - ասում է «Սպարտակ»-ի բեմադրիչ Յուրի Գրիգորովիչը, ով Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը բեմադրել էր դեռ 1968թ-ին մոսկովյան Մեծ թատրոնում: Իսկ այսօր կկայանա բալետմայստերի երևանյան «Սպարտակ»-ի պրեմիերան` Հայաստանի և Ռուսաստանի առաջին տիկինների ներկայությամբ:
«Նման երաժշտության դեպքում պարզապես հնարավոր չէ փչացնել բալետը», - Արամ Խաչատրյանի գործի նկատմամբ իր հիացմունքն արտահայտեց Յուրի Գրիգորովիչը:
Փորձառու բեմադրիչը Երևանում «Սպարտակ»-ի բեմադրությունը բավական բարդ է համարում, քանի որ այլ խնդիրներից բացի, մեծ դժվարություն է ստեղծել տղա պարողների սակավությունը: Խնդիրը լուծելու համար ստիպված են եղել դիմել «Բարեկամություն» համույթին, Երևանի պարարվեստի ուսումնարանին: Բալետի այս խմբագրությունը Յուրի Գրիգորովիչը շատ թանկ է համարում իր համար, քանի որ այն իրականացվում է Խաչատրյանի հայրենիքում բոլորվին նոր կազմով, թեև հավատացնում է, որ իրականում բեմադրական մեծ փոփոխություններ չեն արվել:
«Սպարտակ»-ի բեմադրության համար պետբյուջեից հատկացվել է 20մլն դրամ, ներկայացման բյուջեի մյուս հատվածը լրացնելու համար աջակցել են մասնավոր ներդրողները, չմանրամասնեցին որքան:
Նոր “Սպարտակ”-ի 2 կազմ կա: Սպարտակի դերի համարնույնպես ընրտվել են 2 դերակատարներ` Ռուբեն Մուրադյան և Սևակ Ավետիսյան, Ռուբենի 20 տարին օրերս է լրացել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավաստիացմամբ “Սպարտակ”-ը օպերայի բեմում կմնա` որպես խաղացանկային ներկայացում:
Ի դեպ, Յուրի Գրիգորովիչը պատմեց, որ ժամանակին ցանկություն է ունեցել նաև «Գայանե» բեմադրել, բայց չի ստացվել, իսկ Արամ Խաչատրյանը իր հետ «Օթելլո» բեմադրելու նախագծեր է ունեցել, բայց չի հասցրել:
«Սպարտակ»-ը բալետ է 3 գործողությամբ, 12 պատկերով և 9 մենապարով: Լիբրետոն հեղինակել է բեմադրիչ Յուրի Գրիգորովիչը` ըստ Ռաֆայել Ջովանյոլիի համանուն վեպի և պատմական սյուժեների, օգտագործված է Նիկոլայ Վոլկովի սցենարը, դեկորները և բեմական զգեստները` ըստ Սիմոն Վիրսալաձեի էսքիզների, դիրիժոր` Կարեն Դուրգարյան:
Արամ Խաաչատրյանը «Սպարտակ» բալետը ավարտին է հասցրել 1954թ-ին, պրեմիերան կայացել է 1956թ-ին բալետմայստեր Լ. Յակոբսոնի բեմադրությամբ Լենինգրադի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում` այժմ Մարիինյան թատրոն: Մեր օպերայի բեմում «Սպարտակ»-ը բեմադրվել է նաև 1962թ-ին` Ե. Չանգայի և 1977, 1982թթ-ին` Վ. Գալստայնի բեմադրությամբ:










