Երկու միջոցառում՝ Գերմանիայի մշակութային շաբաթների շրջանակում
2009թ. Հարավային Կովկասում անցկացվող Գերմանիայի մշակութային շաբաթների շրջանակում 2009թ. մայիսի 7-ին տեղի կունենան 2 միջոցառումներ, որոնք կարելի է դասել թե´ պոեզիայի, և թե´ երաժշտության ոլորտին։ Այս մասին հաղորդում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հայաստանյան դեսպանատան մամուլի գրասենյակը։
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան (ERIICTA) և Վալդորֆյան դպրոցը ժամը 15.00-ին հրավիրում են Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա (Դավիթ Անհաղթի 10, 5-րդ հարկ)՝ մասնակցելու «Սիրո երեկո» միջոցառմանը։
Իսկ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ժամը 19.00-ին դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Հռենոսից մինչև Դանուբ» համերգաշարի 2-րդ համերգը։ Մենակատարներ Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո) և Աննա Մայիլյանը (ալտ), Փառատոնային կամերային նվագախումբը և Հայաստանի Կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) կներկայացնեն Մոցարտի, Մենդելսոնի, Շուբերտի, Շտրաուսի, Բրամսի ստեղծագործությունները։










