Հայաստանում անցկացվում են Գիա Կանչելիի օրեր

11:29 • 06.05.09

Մայիսի 6-9-ը «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվում են վրացի անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիի օրերը Հայաստանում: Արամ Խաչատրյան համերգասրահի և Կամերային երաժշտության տան բեմերում 3 համերգների ընթացքոմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Սերենադ» կամերային նվագախմբի, «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն բացառապես Կանչելիի ստեղծագործությունները: Համերգներին կմասնակցեն նաև միջազգային մեծ հեղինակություն վայելող մենակատարներ`Գիդոն Կրեմերը (ջութակ), Անդրես Մուստոնեն (ջութակ, նաև դիրիժոր), Մաքսիմ Ռիզանովը (ալտ), Գիեդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Միշել Լետիկը (կլառնետ), Պավել Վերնիկովը (ջութակ):

Գիա Կանչելին ծնվել է 1935թ-ին Թբիլիսիում, 1991թ-ից տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, իսկ 1995թ-ից` հաստատվել Բելգիայում: Որպես կոմպոզիտոր` Կանչելին հայտնի է իր մեծակտավ ստեղծագործություններով` հատկապես սիմֆոնիաներով: Նա նաև երկար տարիներ աշխատել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնում` որպես երաժշտական հարցերով տնօրեն:

«Երաժշտությունը, ինչպես և կյանքը, անահասկանալի է առանց ռոմանտիզմի, որը անցյալի, ներկայի և ապագայի մեծ երազանքն է», - գրում է Գիա Կանչելին: