Jethro Tull-ը Հայաստան է գալիս նաև պաշտոնյաների ցանկությամբ. հաջորդը՝ Deep Purple–ն է և Պոլ Մակարտնին

13:11 • 06.05.09

«Անդրկովկասում նմանատիպ խումբ առաջին անգամ է ելույթ ունենալու», - ասում են բրիտանական լեգենդար Jethro Tull խմբի համերգի կազմակերպիչները` «Վիբրոգրաֆուս» ընկերության ղեկավարները, ում աջակցում է «Լույս» հիմնադրամը և «Ամերիաբանկը»: Կազմակերպիչները չեն հերքում, որ Jethro Tull սիրում և Երևանում նրանց լսելու ցանկություն ունեցել են նաև պաշտոնյաներ` ի դեմս վարչապետի, ֆինանսների նախարարի, կրթության արդեն նախկին նախարարի:

Մայիսի 22-ին համերգը կլինի 2 մասից, կհնչեն ինչպես խմբի վաղուց հայտնի գործեր, այնպես էլ նոր կատարումներ: Կենդանի հնչողությամբ համերգը կկայանա մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Երևանյան համերգը Jethro Tull-ի եվրոպական համերգային շրջագայության մաս է կազմում:

Համերգից առաջ Jethro Tull-ի ներկայացուցիչները կհանդիպեն հայ պաշտոնյաների հետ, կունենան մամլո ասուլիս, նաև մի փոքր կշրջագայեն: Խմբի անդամները մեծ պահանջներ չեն ներկայացրել, բծախնդիր են եղել տեխնիկական հարցերում, ինչը կազմակերպիչները բնական են համարում:

«Վիբրոգրաֆուս»-ը նախատեսում է առաջիկայում Երևանում կազմակերպել նաև Deep Purple խմբի ու նաև լեգենդար բիթլ Պոլ Մակարտնիի համերգները, ում հետ արդեն բանակցում են:

Jethro Tull խումբը ձևավորվել է 1968թ-ին Լոնդոնում` խմբի մենակատար Յան Անդերսոնի գլխավորությամբ: 70-ականների կեսերին նրանք արդեն աշխարհի տարբեր բեմերում իրենց կենդանի համերգներով ու մասսայականությամբ չէին զիջում անգամ Led Zeppelin-ին և Rolling Stones -ին: Գործունեության ավելի քան 40 տարիների ընթացքում Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմ, վաճառել դրանց ավելի քան 50 մլն օրինակ, և մինչև օրս տարեկան հանդես է գալիս մոտ 100 համերգներով: