Եվ խաղարկային, և վավերագրական. «Սահման»-ը շարունակում է մրցանակներ ստանալ

15:32 • 08.05.09

Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը տոնել է ամերիկյան պրեմիերան ու նաև արժանացել REMI պլատինե մրցանակին` որպես լավագույն խաղարկային ֆիլմ: Այնուհետև «Սահման»-ը մասնակցել է Նյու Յորքից ոչ հեռու գտնվող Սիրակուզայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին ու Ճանաչվել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ»` ստանալով նաև 5 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգև:

«Գոմեշին շատ են սիրում, քանի որ զարմանալի մարդկային ու զգացմունքային գոմեշ է», - ասում է ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Սիրակուզայում հայկական ֆիլմեր այս տարի արդեն 3-րդ անգամ էին ցուցադրվում. Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի»-ն ընդգրկված էր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ուսանողական ֆիլմերի ծրագրում ցուցադրվել է նաև երիտասարդ ռեժիսոր Տարոն Պետրոսյանի ֆիլմը:

Իսկ Սիրակուզայի փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում ցուցադրվում էր «21-րդ դարի վանդալները» կարճամետրաժ ֆիլմը Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին, ռեժիսոր` Աշոտ Մովսիսյան, սցենարի հեղինակ` Սպարտակ Ղարաբաղցյան:

Վերջինս ներկա է եղել փառատոնին, պատմեց, որ իրենց կարճ ֆիլմը բազում մարդկանց հետաքրքրությունն է շարժել, «արել ավելին, քան քաղաքական գործիչները կանեին մի տարվա մեջ»: 10-րոպեանոց վավերագրական ժապավենը մեծ արձագանքներ է ստացել Միացյալ Նահանգներում` դառնալով լուրջ քննարկումների, մամուլի հետաքրքրության առարկա: