Գերմանիայի դեսպանությունը բազմաբնույթ մշակութային ծրագիր է խոստանում Հայաստանում

10:58 • 08.05.09

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ մինչև ամռան ավարտը ողջ Հայաստանով մեկ ներկայացնելու է բազմաբնույթ մշակութային ծրագիր։

Այս ծրագրի, մասնավորապես, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» նախաձեռնության շրջանակում մարտի 17-ին տեղի ունեցավ Սարդարապատի միջնակարգ դպրոցի և գերմանական կողմի միջև գործընկերային պայմանավորվածության ստորագրման հանդիսավոր արարողություն, իսկ ապրիլի 27-ին Երևանի թիվ 6 միջնակարգ դպրոցը նշեց կրթական համագործակցության ընդլայնման ևս մեկ առիթ։

Որպես Գերմաներենի լեզվական դիպլոմ տրամադրող դպրոց՝ Երևանի թիվ 5 դպրոցը նույնպես, շնորհիվ գերմաներենի ավելացված դասաժամերի, իրավասու է իր աշակերտներին օգնել արժանանալու վերոնշյալ դիպլոմին։ Բացի այդ՝ դպրոցն ունի գործընկեր Գերմանիայում՝ Լաուխայի դպրոցը։ 2009թ. մայիսի 11-ին՝ երկուշաբթի, ժամը 15։00-ին թիվ 5 միջնակարգ դպրոցում ևս կտոնվեն Հայաստանի և Գերմանիայի միջև այս առանձնահատուկ հարաբերությունները, ինչը, իր հերթին, կնպաստի արդեն հաստատված կապերի ամրացմանը։ Այս մասին հաղորդում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից։