«Գենդերային անհանգստություն»` արտահայտված նոր մեդիաներով
Մայիսի 8-12-ը Երևանում անցկացվում է «Գենդերային անհանգստություն. Պլատֆորմեր» ժամանակակից արվեստի նախագիծը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել և իրենց աշխատանքներն են ցուցադրում արվեստագետներ մի քանի երկրներից` Իրան, Թուրքիա, Գերմանիա, Ֆինլանդիա: Նախագիծն իրականացնում է Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան, համադրում է Սուսաննա Գյուլամիրյանը:
5 օրերի ընթացքում Ակումբում կցուցադրվեն գենդերային խնդիրներով հետաքրքրված արվեստագետների աշխատանքներ` արված բացառապես նոր մեդիաներով` լուսանկար, վիդեո, պեռֆոռմանս և այլն: Նախագծին մասնակցում են նաև հայ արվեստագետներ` ի դեմս Արևիկ Արևշատյանի, Նորինե Զոլյանի և Արմինե Հովհաննիսյանի: Վերջինս, օրինակ, կներկայացնի «Կարմիր խնձորը ուտելու համար է» ինտերակտիվ ինստալյացիան, որը անդրադարձ է հայկական ավանադույթին, հասարակության մեջ կարմիր խնձորի նշանակությանը և կիրառությանը ամուսնական արարողության մեջ, ինչպես նաև արվեստագետի դիմադրությունը այդ ամենին:










