Սպիվակովի հետ Երևանում հանդես կգան ադրբեջանցի երաժիշտները
ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումը սեպտեմբերի 24-ին համերգով հանդես կգա Երևանում։ Նվագախումբն այս տարի ղեկավարում է հայտնի ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։ Նվագախմբի կազմում կա նաև 5 ադրբեջանցի, ովքեր համերգին մասնակցելու նպատակով Երևանում են։ Երեկ նույն նվագախումբը, որի կազմում նաև 7 հայ կա, համերգով հանդես է եկել Բաքվում։
«Ես երջանիկության րոպեներ եմ ապրում, երբ երիտասարդ մարդիկ տաղանդաշատ են, արարում են, և արվեստի քողի տակ ծնվում է սեր, ընկերություն, փոխըմռնում տարբեր ազգերի՝ ղազախների, թուրքմենների, ադրբեջանցիների, հայերի, ուկրաինացիների, բելառուսների, ռուսների՝ բոլորի միջև։ Երբ մի անգամ բոլորն ուզեցին ինձ հետ նկարվել, մի կողմում կանգնեցին հայ երիտասարդները, մյուս կողմում՝ ադրբեջանցիները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպիվակովը։
Կարևորելով նմանօրինակ նվագախմբի ստեղծման գաղափարը՝ ջութակահարը նշեց, որ նվագախմբում նվագելը միայն վարպետություն չէ, դա հարևանի թերությունները թաքցնելու ունակություն է։ «Կյանքում ու գործում է այդպես։ Դա նրանք սովորել են»,- նշեց Սպիվակովը։
Նվագախումբն ունի 106 անդամ և ստեղծվել է երեք տարի առաջ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից։ Նվագախմբի նպատակն է ցույց տալ, որ տարբեր մշակույթի և ազգության մարդիկ կարող են համատեղ ստեղծագործել՝ ձևավորելով գեղեցիկ խումբ։
2010թ. նվագախմբի ելույթների աշխարհագրությունն ընդլայնվել է. ԱՊՀ մի շարք երկրներից բացի համերգներ են անցկացվում նաև Նյու-Յորքում, Փարիզում։
Հայաստանում անցկացվելիք համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք», Վերդիի «Ճակատագրի ուժ», Պագանինիի «Կոնցերտ թիվ 1 ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործությունները։ Կհնչեն նաև հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ» բալետներից, արիաներ Բիզեի «Կարմեն» և Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերաներից։
Այն հարցին, թե ինչո՞ւ Սպիվակովն իր հիմնական նվագախմբով հյուրախաղերով հանդես չի գալիս Հայաստանում՝ ջութակահարը պատասխանեց. «Կգանք, երբ մեզ կհրավիրեն, երբ հնարավորություն կլինի բերել նվագախումբը, դա ծախսերի հետ է կապված։ Բացի այդ, իմ գրաֆիկը հագեցած է»։










