Մոսկվան արգելել է Լուվրում ցուցադրել Ավդեյ Տեր–Օհանյանի սկանդալային նկարները
ՌԴ մշակույթի նախարարությունը և ՌԴ Մշակութային պահպանության դաշնային ծառայությունն արգելել են սկանդալային նկարիչ Ավդեյ Տեր–Օհանյանի աշխատանքների ցուցադրությունը Լուվրում։ Այս մասին տեղեկացնում է OpenSpace–ը՝ վկայակոչելով ՌԴ Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայել Մինդլինին։
Նշենք, որ Le contrepoint Russe ցուցահանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 14–ից հունվարի 15–ը Լուվրում՝ Ֆրանսիայում Ռուսաստանի օրերի շրջանակում։
Ցուցահանդեսին ներկայացվելու են Ալեքսանդր Բրոդսկիի, Էրիկ Բուլատովի, Էմիլիա և Իլյա Կաբակովների, Անդրեյ Մոնաստիրսկիի, Պավել Պեպերշտեյնի և այլ նկարիչների աշխատանքներ։
Իրենց որոշումը պետական մարմինները համաձայնեցրել են ՌԴ–ում Ֆրանսիայի դեսպանի և Լուվրի թանգարանի նախագահի հետ, որոնք Ռուսաստանի փաստարկները հաշվի են առել, սակայն Մինդլինի կարծիքով, Լուվրն ինքը կարող էր հանդես գալ Տեր–Օհանյանի աշխատանքները ցուցահանդես չթողնելու նախաձեռնությամբ։
Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի ներկայացուցիչ Իրինա Գորլովան Լուվրի ցուցահանդեսում Տեր–Օհանյանի «Ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքի նկարների ցուցադրությունը արգելելու որոշումը բացատրել է այսպես. «Դրանք ՌԴ սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու կոչ են պարունակում, ինչպես նաև հրահրում են միջկրոնական ատելություն և թշնամանք»։
Հիշեցնենք, որ Օհանյանը սկանդալային նկարչի փառքի է արժանացել 1998թ. «Երիտասարդ անաստված» ակցիայի շնորհիվ, որի ժամանակ նա կացնով ջարդել է սրբապատկերների ստվարաթղթե կրկնօրինակները՝ ի նշան հոգևորականության կոմերցիալիզացիայի դեմ բողոքի։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքով, որից հետո նա Լեհաստան է արտագաղթել։
Հիշեցնենք, որ ՌԴ մշակույթի նախարարությունը 2007թ. Ֆրանսիայում «Սոց արտ» ցուցահանդեսի ժամանակ նույնպես արգելել էր Տեր–Օհանյանի 17 աշխատանքների ցուցադրությունը, այդ թվում՝ «Բարեգթության դարաշրջանը», «Կապույտ քթեր» խմբերը, Վլադ Մամիշև Մոնրոյի նկարը՝ Հիտլերի պատկերով:










