Չկա դերասան, որը չի ցանկանում «Օսկարի» արժանանալ. Երևանում տեղի ունեցավ Բեզռուկովի համերգը

12:34 • 26.09.10

Գաբրիել Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնի բեմին երեկ` սեպտեմբերի 25–ին, տեղի ունեցավ կինոյի և թատրոնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովի մենահամերգը, որը տևեց 3,5 ժամ:

Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասում դերասանը կարդաց Պուշկինի, Եսենինի, Տարկովսկիի, Սիրանո դե Բերժերակի բանաստեղծությունները, ինչպես նաև կատարեց իր հեղինակային երգերը` կիթառի ու ակորդեոնի նվագակցությամբ: Համերգի 2–րդ հատվածում Բեզռուկովը զրուցեց հանդիսատեսի հետ զամբյուղում հավաքված հարցերի միջոցով:

Խոսելով «Բրիգադա 2-ում» մասնակցությունից հրաժարվելու մասին՝ Բեզռուկովն ասաց. «Թող ոչ ոք ինձանից չնեղանա, բայց նույն գետը երկու անգամ չեն մտնում», իսկ այն հարցին, թե կհամաձայնե՞ր արդյոք երկար ժամանակով լքել հայրենիքը Հոլիվուդից հրավեր ստանալու դեպքում, դերասանը պատասխանեց. «Չհավատաք, որ կա մի դերասան, որը չի ցանկանում «Օսկարի» արժանանալ»:

Խոսելով թատերական նախագծերի ֆինանսավորման մասին՝ Բեզռուկովն ընդգծեց նաև որոշ հայերի աջակցությունը` ակնարկելով, որ դեմ չէր լինի հովանավորություն ստանալ, քանի որ Ռուսաստանի կառավարությունն առանձնապես չի աջակցում նման ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ դահլիճը լեփ լեցուն էր. հայ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց ռուս դերասանին, իսկ Բեզռուկովն իր հերթին խոստացավ նոր ներկայացումներով վերադառնալ Հայաստան` մեջբերելով իր կերտած հերոսի ՝ Սաշա Բելովի «ես իմ խոսքերի համար պատասխան եմ տալիս» արտահայտությունը: