Թուրքերը Ալլահին էլ են ներքաշում հակահայկական գործողությունների մեջ. փորձագետ

19:35 • 01.10.10

«Կցանկանա թուրքական կառավարությունը, թե ոչ, հաջորդ տարի մենք շատ կարևոր հոբելյան ունենք՝ Անին մայրաքաղաք հռչակելու 1050–ամյակն է։ Առավել լավ հոբելյան և թիվ չենք կարող ունենալ, որովհետև այս հոբելյանով մենք ցույց ենք տալիս Անի մայրաքաղաքը հայկական պետականության և պետության մայրաքաղաք հռչակելու հանգամանքը»,– այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Հայկ Դեմոյանը նշեց, որ հոբելյանը լավ առիթ կարող էր լինել Թուրքիայի հետ մշակութային դիվանագիտության միջոցով հարաբերությունները կարգավորելու համար։ Նրա խոսքով՝ օրակարգում ծրագրեր կային, որոնցից էր օրինակ Անիի կամրջի վերականգնումը։

«Իդեալական կլիներ, եթե Թուրքիան կարողանար ձերբազատվել, թույլ տվեք որակել, փողոցային գործողություններից և կրկին անգամ հիշել իրենց նախնիների բարբարոս և քոչվոր էությունը, լավ կլիներ, որ քաղաքակիրթ երևալ ցանկացող Թուրքիան նախաձեռնությանն արձագանքեր։ Ընդ որում, սա միայն հայկական նախաձեռնություն չէ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և երկրներ նույնպես հուշել են Թուրքիային, որ այս հոբելյանը կարող է առիթ դառնալ մշակութային դիվանագիտության միջոցով հարաբերությունները կարգավորելու համար։ Թուրքիան առայժմ այլ ճանապարհ է ընտրում»,– հայտատարեց Դեմոյանը։ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը նշեց, որ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան պետք է վերականգներ իր տարածքում հայկական հուշարձանները։

«Իսկ եթե թուրքական կողմը նամազի միջոցով փորձում է հարցեր լուծել, կարծում եմ, միմիայն պետք է ափսոսել, որ Ալլահին նույնպես թուրքական իշխանություններն ու ազգայնականները փորձում են հակահայկական նախաձեռնությունների մեջ ներքաշել»,– ասաց նա։