Հայտնի ռուս անիմատոր Գարրի Բարդինն իր 70–ամյակը կնշի Երևանում
2011թ. լրանում է հանրահայտ ռուս անիմատոր Գարրի Բարդինի 70–ամյակը։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին՝ անիմատորն արդեն համաձայնել է նշել հոբելյանը Երևանում։
«Նամակի միջոցով առաջարկել ենք նշել տարեդարձը Երևանում՝ փառատոնի շրջանակներում», – ասաց Քասունին։
Նա նաև տեղեկացրեց, որ ReAnimania փառատոնի շրջանակներում կցուցադրվի Բարդինի վերջին անիմացիոն ֆիլմը։
Խոսելով ReAnimania–2011–ի ծրագրերի մասին՝ Քասունին տեղեկացրեց, որ փառատոնի մյուս տարվա ծրագրերի 70–80 տոկոսն արդեն պատրաստ է։ Փառատոնն ընդգրկվել է նախարարության մշտական բյուջեի մեջ։










