Հայաստանում չեմ տեսել մի բան, որ ինձ դուր չգար. հարցազրույց «Օկեան Էլզիի» մեներգչի հետ

11:57 • 16.10.10

Օրերս Երևանի կոնյակի գործարանի հրավերով Երևանում փակ համերգով հանդես եկավ «Օկեան Էլզի» ուկրաինական լեգենդար ռոք խումը։ Tert.am–ի թղակաիցը զրուցել է խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի հետ։

-Դուք սիրո՞ւմ եք հայկական կոնյակ։

-Այնպես ստացվեց, որ համերգից հետո վիսկի խմեցի, բայց մենք շատ ենք սիրում հայկական կոնյակ։ Ես մի ընկեր ունեմ, որը խմում է միայն հայկական կոնյակ։ Կարծում եմ, որ ինչ-որ բան մեզ հետ կտանենք։

-Ի՞նչ տպավորություն ստացաք համերգից։

-Մենք շատ ուրախ ենք, որ եկել ենք Երևան։ Հայաստանը մեզ շատ է դուր եկել։ Ես շատ տպավորված եմ այն ամենով, ինչ կարողացանք տեսնել այս կարճ ժամանակում։ Տեսածս հաճելիորեն զարմացրել է ինձ։ Ես այնպիսի բան չեմ տեսել, որն ինձ դուր չգար` հին տները, աղջիկները, Արարատ լեռը, որը տեսանք վայրէջք կատարելիս, ընդունելությունը։ Շատ ենք ցանկանում կրկին վերադառնալ։ Գիտեինք, որ Հայաստանում ունենք երկրպագուներ, քանի որ շատերը սոցիալական ցանցերում մեր խմբերի անդամներ են։ Հաճելի էր տեսնել նրանց։ Իհարկե, մեր համերգը փակ միջոցառում էր, այն չէր լուսաբանվել ազդագրերով, և շատերը պարզապես չգիտեին համերգի մասին։ Խոստանում ենք մոտ ապագայում գալ և ելույթ ունենալ հասարակության ավելի լայն շերտերի համար։ Գուցե հաջորդ տարի։ Ինչո՞ւ ոչ։

- Համերգային նո՞ր ծրագրով կգաք։

-Չգիտեմ, ամեն ինչ կախված կլինի, թե որքան արագ կկարողանանք լուծել կազմակերպչական հարցերը։ Ամենայն հավանականությամբ, ոչ։ Նոր ալբոմը պատրաստ կլինի մոտ երկու տարի հետո։

- Ձեր խմբի օրինակով կարելի է վստահաբար ասել, որ ժողովուրդների միջև չկա լեզվական արգելք, և երաժշտությունը միավորում է նրանց։

-Դե, հուսով ենք։ Համերգին հանդիսատեսը ձայնակցում էր մեզ։ Դա զարմանալի է, քանի որ հայ երիտասրդությունն անգամ ռուսերեն դժվարանում է խոսել, ինչը, կարծում եմ, բնական է։ Ամեն ինչ զարգանում է այնպես, ինչպես պետք է զարգանա։

-Ելնելով երկրպագուների սերնդափոխությունից` փոփոխություններ կատարո՞ւմ եք ձեր երգացանկում։

-Մենք ընդհանրապես ոչ ոքի չենք հարմարվում։ Տեսնո՞ւմ եմ արդյոք երկրպագուների սերնդափոխություն։ Շատ տխուր հարց է, քանի որ երբ տեսնում ես երկրպագուներիդ սերնդափոխությունը, հասկանում ես, թե որքան ժամանակ է անցել։ Երևի այդպիսի կտրուկ փոփոխություն չկա։ Այն նոր է սկսվում։ Մեծ թվով մարդիկ, որ գրեթե իմ հասակակիցներն են, լսում էին մեզ և այն ժամանակ, երբ նոր էինք սկսել երգել։ Նրանք ոչ մի տեղ չեն կորել։ Հայտնվել են նաև նոր դեմքեր։ Ես սկսում եմ տեսնել gap-ը` այդ մեծ փոսը։ Այն մարդիկ, ովքեր 18-20 տարեկանից փոքր են, այլ երաժշտություն են լսում։ Երիտասարդությունն այլ արժեքներ է դավանում։ Հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնց տարիքն անցնում է 30-ը, զավակներ են ունենում, որոնք, չգիտես ինչու, նույնպես սիրում են լսել Океан Эльзы։

-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել ձեր կոլեկտիվում, թեմաների ընտրության և կատարման ոճում։

-Փառք Աստծո, արդեն վեց տարի միասին ենք։ Մեկ անգամ միայն` 2004թ., կոլեկտիվում լուրջ փոփոխություններ եղան։ Ոճային առումով ևս։ Հիմա գրում եմ նոր երգեր և մտածում` ինչի մասին գրել, արժե գրել այն մասին, ինչ հոգումս է։ Զգացումներս 10 տարի առաջվա համեմատ փոխվել են։ Այսօր ամեն ինչի մասին չէ, որ ուզում ես գրել, այդ պատճառով էլ չգիտեմ՝ ինչ պատասխանել այս հարցին։

-Դուք պատգամավոր եք եղել։

-Եղել է այդպիսի բան։

-Ինչո՞ւ հեռացաք Ռադայից։

-Ուրեմն ադպես էր պետք։ Ես մի ժամանակ կատակում էի, երբ հարցնում էին` ինչու եմ գնացել այդ քայլին։ Պատասխանում էի, որ երևի նրա համար, որ այդտեղից հրապարակավ հեռանամ ու ցույց տամ, որ դա հնարավոր է։ Իսկ եթե անկեղծ, չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք համեմատություններ անցկացնել Հայաստանի հետ, քանի որ չգիտեմ այստեղի քաղաքական կյանքը։ Երևի գիտեք` ինչ է չձևավորված դեմոկրատիան, որքան մեծ է ցինիզմը, խաբեությունը, ամբոխավարությունը։ Չէի ուզում դրա մեջ ներքաշվել։ Այդ ոլորտում ես ինձ ազատ չէի զգում, ինձ մարդ չէի զգում, որը կարող է որոշումներ կայացնել։ Ավելի ճիշտ, կայացնում էի որոշումներ, բայց դրանք ոչ ոքի չէին հետաքրքրում։ Ամեն դեպքում, խորհրդարանը կոլեկտիվ խաղ է, և լինել մարդկանց հետ մի խմբում, որոնց հետ արժեքային ոչ մի ընդհանուր բան չունեմ, չէի ցանկանում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել կից տեսանյութում։