Հայաստանում ասորիների ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան է կառուցվում

12:04 • 29.11.10

Օրերս Հայաստանի ասորիների «Աթուռ» ասոցիացիան 1915թ. ասորի ժողովրդի ցեղասպանության հուշաքարի հիմքն է գցել Երևանի օղակաձև զբոսայգում՝ Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի մոտ:

Ինչպես նշվում է Հայաստանի ասորական համայնքի տարածած հաղորդագրությունում, «հուշաքարը ևս մեկ անգամ կհիշեցնի հայ-ասորական ցեղասպանության ճանաչման կարևորությունը, ճանաչում, որը կկանխի մարդկության դեմ շարունակվող ցեղասպանությունը»:

«Այս նախագծով հիացած են ոչ միայն Հայաստանի ասորիները, այլ նաև ԱՊՀ երկրներում ապրող մեր հայրենակիցները: Հայաստանի Հանրապետությունը առաջին երկրներից է, որ ձեռք մեկնեց մեզ համար շատ կարևոր այս նախաձեռնությանը, որը 2001-ից բազմիցս քննարկվել է Համաշխարհային ասորական ալյանսի, ինչպես նաև «Սեյ‎ֆո» Համաշխարհային ասորական Ցեղասպանության կենտրոնի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Ասորի համայնքը շնորհակալություն է հայտնում ՀՀ ղեկավարությանը և հայ ժողովրդին՝ այն մարդասիրական վերաբերմունքի համար, որը ցուցաբերվում է ոչ միայն Հայաստանում ապրող ասորական համայնքի, այլ նաև բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ: