Մեր հեռուստաեթերը վերածվել է «վթար TV-ի». Հայկ Դեմոյան
«Դեռ Երկու տարի առաջ Հանրային խորհրդում քննարկվել էր հեռուստաեթերի բովանդակության հարցը, և իրականացվել էին քայլեր, որպեզի պարզեն, թե ինչ բողոքներ կան: Անցել է երկու տարի, և մենք ունենք ավելի վատ իրավիճակ, քան առաջ»,- այս մասին այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում ասաց Հանրային խորհրդի անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով` պետք չէ մեղավորների հասցեներ ու անուններ տալ, պարզապես, ըստ նրա, եթե հայկական եթերը առաջ բռնություն էր ցուցադրում, հիմա արդեն բռնություն է գովազդում ու մասսայականացնում:
«Մենք ունենք հասարակության վրա բացասական առումով ներազդող գործիք, որը չեմ բացառում, որ ուղղորդվում է դրսից: Ցավոք սրտի, Հանրային խարհուրդը զուտ խորհրդատվական մարմին է, և ես ստիպված եմ բարձրաձայնել այդ մասին ոչ միայն որպես Հանրային խորհրդի անդամ, այլ որպես ՀՀ քաղաքացի»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Նա ավելացրեց, որ հայկական եթերը ցուցադրում է մասսայական սպանություն, կտտանքներ, բռնաբարություն, ինքնասպանություն և անչափահասներին սպանության մղելու բացահայտ տեսարաններ, նաև բացահայտ ցուցադրվում են սպանության գործիքներ և արյունահեղության տեսարաններ:
«Մեր հեռուստաեթերում և էլէկտրոնային ԶԼՄ-ներում կա մոլուցք, վարկանիշ հավաքելու համար ցուցադրում են վթարներ, այլ երկրներում բռնության տեսարաններ, եթերը դարձել է վթարներ ցույց տվող և դրանից էսթետիկական հաճույք ստացող մի վթար TV։ ամեն օր ցույց են տալիս տալ, թե ինչքան վատ բան է եղել օրվա ընթացքում: Ոչ մի ինտելեկտուալ, դաստիարակիչ հաղորդում չկա, մանուկների համար ոչ մի լավ հաղորդում չկա, անձամբ ես ստանում եմ տեղեկատվություն ինտելեկտուալ բնույթի հաղորդումներից, նայում եմ Ռոսիա-Կուլտուրա հեռուստաալիքը»,- ասաց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ առաջարկելու է Հանրային խորհրդին կրկին ուշադրություն դարձնել այս խնդրի վրա ու կրկին բարձրաձայնել դրա մասին, քանի որ դա լուրջ հոգեկան առողջության և ազգային անվտանգության խնդիր է:










