Օրսոն Ուելսի «Օսկարը» կրկին աճուրդի կհանվի
1941թ. ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Օրսոն Ուելսը «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»՝ լավագույն սցենարի համար անվանակարգում։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ նրա «Օսկարը» հերթական անգամ նախատեսվում է աճուրդի հանել։ Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Լոս Անջելեսում։ Կազմակերպիչ՝ Nate D. Sanders ընկերությունից նշում են, որ ակնկալվում է, որ արձանիկը կվաճառվի մոտ 1 մլն դոլարով։
Ինչպես նշում է Reuters-ը՝ տարիների ընթացքում Ուելսին պատկանող մրցանակը մի քանի անգամ հանվել է աճուրդի, սակայն ամեն անգամ վաճառքի գործընթացը ձախողվել է։
Հավելենք, որ Ամերիկյան Կինոակադեմիան ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի ևս մեկ անգամ դադարեցնի վաճառքի գործընթացը։










