Նյու Յորքում աճուրդի է հանվել «Տիտանիկ»-ի խորտակման մասին հեռագիրը
Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառքի է հանվել «Տիտանիկ» նավի խորտակման մասին հեռագիրը: Ինչպես հաղորդել է առևտրային տան մամուլի ծառայությունը, հեռագիրը թվագրված է 1912 թվականի ապրիլի 15-ով:
Նավը 1912թ. ապրիլի 10 ուղևորվել է Նյու Յորք, ապրիլի 14 բախվել է սառցաբեկորի և 2 ժամ ու 40 րոպեի ընթացքում խորտակվել։ Նավում եղել է 2 224 մարդ, տարբեր տվյալների համաձայն` փրկվել է 705-ը։
««Տիտանիկ»-ն այս առավոտյան խորտակվեց»,- հակիրճ ասված է White Star Line ընկերության, որին պատկանում էր նավը, տնօրեն Բրյուս Իսմեի հեռագրում: Ամերիկյան մամուլն Իսմեին ստոր է անվանել, քանի որ նա, գումար տնտեսելու նպատակով, հրաժարվել էր 48 փրկարար նավակներից: Ընկերության տնօրենը քրեական պատասխանատվության այդպես էլ չի ենթարկվել: Փրկվելուց հետո, նա իր ամբողջ կյանքն ապրել է Իռլանդիայում:
Առաջին հեռագիրը նյույորքյան գրասենյակ է ուղարկվել ողբերգությունից 11 ժամ անց: Այս պատմական փաստաթուղթը, ևս 7-ն այսօր աճուրդի կհանվեն 100 հազար դոլարով:










