Լույս է տեսել Ե.Չարենցի անտիպ էջերի ժողովածուն
«Նաիրի» հրատարակչությունը Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգությունը (Երևան, 2012, 440 էջ, 500 օրինակ):
Գիրքն ընդգրկում է Ե. Չարենցի նորահայտ անտիպ ժառանգությունը:
Հրատարակությունը նպատակ ունի այս հատորով լրացնել մեծ գրողի վերջին տարիների հարուստ վաստակի ցաքուցրիվ էջերը:
Գիրքը բացվում է Դ. Գասպարյանի «Չարենցի ձեռագրերի և հարակից խնդիրների մասին» մուտքի ծավալուն խոսքով:
Ժողովածուն բաղկացած է հետևյալ բաժիններից` «Պոեմներ», «Բանաստեղծություններ», «Պաշտոնական գրություններ», «Զանազան գրություններ», «Նամակներ, հեռագրեր», «Մակագրություններ, ընծայագրեր», «Պատառիկներ», «Թարգմանություններ», «Կենսագրական վավերագրեր», «Ծանոթագրություններ, մեկնաբանություններ, բնագրային տարբերություններ»:
Գիրքը գիտական հրատարակություն է և նվիրվում է Ե. Չարենցի ծննդյան 115 ամյակին:










