«Արցախբանկը» հովանավորել է առաջին ադրբեջաներեն դասագրքի հրատարակումը
Երևանի պետական համալսարանի Թուրքագիտության ամբիոնն առաջին անգամ լույս է ընծայել ադրբեջաներեն դասագիրք, որն, ի դեպ, հովանավորել է «Արցախբանկ»–ը:
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, այսօր ներկայացնելով գիրքը նշեց, որ այն երաշխավորված է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից և ունի ակադեմիական մակարդակ:
«Գիրքն առաջին հերթին թուրքագետների և նաև պատմության ֆակուլտետի ուսանողների համար է»,- ասաց Մելքոնյանը և կրկին ընդգծեց, որ գիրքը միմիայն գիտական նշանակություն ունի։ «Որպեսզի ադրբեջաներեն լեզվի ուսուցումը լինի ստրատեգիական քաղաքականության մաս»,- ասաց նա։
Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ ֆակուլտետում ադրբեջաներեն դասավանդվել է դեռևս 2008 թ-ից, սակայն առանց դասագրքի, այն ներառվել է թյուրքագիտության և միջինասիական լեզուների ուսումնասիրությունների շարքում:
Մելքոնյանը նաև նշեց, որ, ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում հայագիտության ամբիոնն ավելի վաղ է ստեղծվել, սակայն, ըստ նրա, եթե Ադրբեջանում շեշտը դրվել է ավելի շատ քաղաքականացված հակաքարոզչության վրա և բացակայում է գիտական կողմը, ապա մեր դեպքում այն ավելի շատ ակադեմիական մակարդակի վրա է:
«Ուսանողներն իրենց գիտելիքները շատ հանգիստ կարող են օգտագործել և՛ քարոզչական, և՛ տեղեկատվական համատեքստում»,- ասաց Մելքոնյանը:
Գրքի հեղինակը՝ Լիլիթ Մովսիսյանը, նույնպես պնդեց, որ գիրքը կրում է զուտ ուսուցողական բնույթ. «Եթե մեկը փորձի կարդալ, կհամոզվի, որ ոչ մի ազգային հակաքարոզչական տեքստեր չկան: Դասագիրքը ծանոթացնում է ադրբեջանական գրականությանը, կենցաղին, պատմությանը, Ադրբեջանի աշխարհագրական դիրքին: Բավականին չեզոք է, զերծ որևէ պետական ռազմավարական ազդեցությունից»:
Գրքի հրապարակումից հետո արդեն հնչել են ադրբեջանական արձագանքները, ինչը Ռուբեն Մելքոնյանը համարեց «հիստերիկ քոչվորական մտածելակերպը չթաքցնող արձագանք»:










