Հ1–ը հավանաբար կցուցադրի «Եվրատեսիլ 2012»-ի եզրափակիչը
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ, մայիսի 26-ին կցուցադրի Բաքվից հեռարձակվող «Եվրատեսիլ 2012»-ի եզրափակիչը: «Կարծում եմ այո, կցուցադրվի»,- Tert.am-ին ասաց «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նա չնշեց, թե հեռարձակելու ցանկությունը Հանրային հեռուստաընկերությանն է, թե լինելով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, պարտավոր են մրցույթը հեռարձակել, միայն ավելացրեց, որ պարտավորություներ չունեն:
Նշենք, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը» Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցության հայտ ներկայացրեց, սակայն հետագայում հրաժարվեց ներկայացուցիչ ուղարկել Բաքու, ինչի համար Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանք սահմանեց: Գոհար Գասպարյանը նշեց, որ դա կանոնակարգը պահպանելու համար էր միայն, իսկ թե ինչքան էր տուգանքի գումարի չափը նա հրաժարվեց նշել. «Քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի նշել տուգանքի գումարի չափը, մենք դրա հրապարակումը կոռեկտ չենք համարում»,-ասաց նա:










