Թուրքիայում հայկական եկեղեցին գանձեր որոնողների «հարձակմանն» է ենթարկվել

15:48 • 15.05.12

Գանձեր որոնողները փորել են Թուրքիայի Հաքքյարըի մարզի Քոնաք գյուղի մոտակայքում գտնվող հայկական եկեղեցու ողջ շրջակայքը:

 

Բացված անցքերը ուսումնասիրվել են Հաքքյարըի շրջանի խորհրդի անդամների կողմից , ովքեր տեղեկացրել են, որ այն պետք է վերակառուցվի:

 

Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Հաքքյարըից 18 կմ հեռավորության վրա գտնվող հայկական պատմական եկեղեցին անուշադրության է մատնված եղել և վերածվել է ավերակի: Այն գտնվել է նաև գանձեր որոնողների ուշադրության կենտրոնում և նրանք պարբերաբար «պեղումներ» են իրականացրել շրջակայքում: Նաև դա է եղել պատճառը, որ եկեղեցին նման անմխիթար վիճակում է հայտնվել:
 

Հաքքյարըի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էմին Օզաթաքը տեղեկացրել է, որ եկեղեցու ուսումնասիրության հետ կապված իրենց աշխատանքները շարունակվելու են:

 

«Եկեղեցին վնասողների նկատմամբ դատախազությունն արդեն գործ է հարուցել: Այս տարի զբաղվելու ենք Հաքքյարըի եկեղեցիների հարցերով: Սակայն այժմ ֆինանսական բավարար միջոցներ չունենք` վերակառուցման համար»,- տեղեկացրել է նա: