ԵՊՀ 19 ուսանողներ արժանացան լավագույն ուսանողի պատվոգրին

18:08 • 16.05.12

Այսօր՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 93-ամյակի առիթով համալսարանում տեղի ունեցավ «ԵՊՀ լավագույն ուսանող 2012» միջոցառումը, որին ԵՊՀ 19 ֆակուլտետներից մեկական ուսանող արժանացավ «լավագույն ուսանող» պատվոգրին և ստացավ բրոնզե մեդալ։


Ֆակուլտետներից յուրաքանչյուրն առաջադրել էր 3-ական թեկնածու:


Միջոցառմանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց բոլոր ուսանողներին և հորդորեց աշխարհի ցանկացած ծայրում էլ լինելու դեպքում բարձր պահել մայր բուհի պատիվը:


«ԵՊՀ-ն լոկ բուհ չէ: Այն մշակութային մեծ օջախ է՝ իր ամենալայն հասկացողությամբ: Այս բուհը ստեղծել են այն մարդիկ, ովքեր անցել են սովի, գաղթի ու կոտորածի ճանապարհը: Իրենք կարողացել են իրականություն դարձնել երբեմնի երազանքը: Մայր բուհ առաջինը ոտք դրածները դժվար թե պատկերացնեին, թե ինչպիսին է այն այսօր դառնալու»,- ասաց նա:
Լավագույն ուսանողներից ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Թամարա Պողոսյանը նաև նույն ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է:
«Ես տարվա ընթացքում շատ եմ աշխատել, նաև հասարակական աշխատանքով եմ զբաղվում, գերազանց առաջադիմություն եմ ցուցաբերում այդ պատճառով արժանի եմ մրցանակին»,- ասաց նա:


Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի լավագույն ուսանողն ընտրված Լուսինե Կոշեթյանը նշեց, որ մրցանակը իրեն կմղի նոր ձեռքբերումների և մեծ նվաճումների հասնելու համար: «Արել եմ լավագույնը, ինչ կարող էի անել և դեռ պետք է ձգտեմ ավելիին»,- ասաց նա:


Նշենք, որ լավագույն ուսանողի կանոնակարգը ենթադրում է հետևյալ մի քանի պահանջներ՝ ուսումնական առաջադիմություն, գիտական աշխատանքներ կատարելու ունակություն, ուսանողական հասարակական ակտիվություն, օրինակելի վարք:


Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներից ԵՊՀ ուսանողների ու շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Tert.am-ին ասաց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի որոշ հավակնորդների գիտական աշխատանքները աչքի չեն ընկնում գրանցված հաջողություններով:


«Նրանք բոլորն էլ աչքի են ընկնում գերազանց առաջադիմությամբ, հասարակական գործունեությամբ, բայց մեզ համար զարմանալի էր, որ կան ուսանողներ, որոնց գիտական արդյունքը այդքան էլ գոհացուցիչ չէ, բայց, այնուամենայնիվ, ունեին տպագրած որոշակի աշխատանքներ»,- ասաց նա:


Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ԵՊՀ կամերային նվագախումբը, երգչախումբը և տարբեր ֆակուլտետներից սոլո երգիչներ: