Ներկայացվեց «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» վերլուծական հանդեսը
Այսօր տեղի ունեցավ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եռամսյա«Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» վերլուծական հանդեսի շնորհանդեսը:
ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ հանդեսում ընդգրկված են կենտրոնի 6 փորձագետների հոդվածներ, որոնք փորձել են անդրադառնալ հասարակությանը հուզող տարբեր հիմնախնդիրների:
Մանվել Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ գիրքը վաճառքի համար նախատեսված չէ, սակայն կունենա նաև էլեկտրոնային տարբերակ:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարևորեց նման հադեսների հրատարակումը, քանի որ, ըստ նրա, հասարակությունը կարիք ունի, որպեսզի իրեն հետաքրքրող խնդիրները ներկայացվեն վերլուծական ձևով:
«Հասարակությունը կարիք ունի որոշակի տրանսլյատորների, որոնք կարողանան հասարակության հիմնախնդիրները վերլուծական կերպով ներկայացնեն հասարակությանը, որ նա հասկանա, թե ինչ է կատարվում իր շուրջը»,– ասաց նա:
«Այս առումով կարևորում եմ նման հանդեսների մշակումն ու պատրաստումը: Սա կարող է օգնել մարդկանց, որ կարողանան կողմնորոշվել հասարակական կյանքում, ավելի գիտակից մոտեցում ցուցաբերեն այս կամ այն գործընթացների վերաբերյալ»,- ասաց փորձագետը:
Էդգար Վարդանյանը նշեց, որ իր «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և հայաստանյան ընտրությունները» հոդվածում ինքն անդրադարձել է կառույցի կողմից ընտրությունների տրված գնահատականներին և հանգել իր համար հետաքրքիր եզրահանգման:
«Հետաքրքիր բացահայտում արեցի ինձ համար: Իրականում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ոչ մի զեկույցում չի տրվել այն գնահատականը, որը ենթադրում է հասարակությունը: Այսինքն` երբևէ չի ասվել, որ եղել են ժողովրդավար, ազատ արդար և թափանցիկ, եղել է միայն առաջխաղացումների և հետընթացների արձանագրում»,- նշեց նա:
Տնտեսական բնագավառին իր մոտեցումները և դիտարկումները փորձագետ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է «Նոր տնտեսական զարգացման մոդելներ. Փնտրելիս» հոդվածում:
Նա նշեց, որ ուսումնասիրելով աշխարհում տեղի ունեցող տնտեսական ոլորտի խնդիրները, եկել է այն եզրահանգման, որ կապիտալիզմը հարստության բևեռացման խնդիր առաջ բերեց:
Աշխարհը, ըստ նրա, զարգացման նոր մոդելի փնտրտուքների մեջ է: Թեև նրա կարծիքով կապիտալիզմը ունի իր առավելությունները` սեփականության իրավունք, մրցակցություն, սակայն աշխարհն այսօր տնտեսական նոր մոդելի փնտրտուքների մեջ է:
Հանդեսի մյուս հոդվածը` փորձագետ Սարո Սարոյանի «Արաբական գարուն. Հնի ու նորի արանքում»-ն էր, որտեղ հեղինակը ներկայացրել է Մերձավոր արևելքի գործընթացներին վերաբերյալ իր դիտարկումները:
Սարո Սարոյանը նշեց, որ փորձել է հասկանալ, «արաբական գարնան» առաջացման պատճառները:
«Հաճախ է ասվում է, թե դա Արևմուտքի և այլ գերտերությունների միջամտության, արդյունքում եղավ: Այստեղ ես ավելի խորն եմ դիտարկել և որոշակի եզրահանգումների եկել»,-նշեց նա՝ ավելացնելով, որ «արաբական գարունը» ուներ իր օբյեկտիվ պատճառները` սոցիալտնտեսական, պատճառներ, գործազրկություն, կոռուպցիա:










