Հայերը քննարկում են Ս.Նշանի վերանորոգման խնդիրը, իսկ վրացիները սկսել են այն
Մշակույթի նախարարության աշխատանքային խումբն արդեն երեկ մեկնել է Թբիլիսի` Սուրբ Նշան եկեղեցու զանգակատան փլուզումները գնահատելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
«Մեր աշխատանքային խումբը այժմ գտնվում է Թբիլիսիում, և վրացի մասնագետների հետ համատեղ քննարկվելու է իրավիճակը»,-նշեց նա:
Նրա խոսքով, աշխատանքային խմբի վերադարձից հետո Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետների հետ քննարկելու են եկեղեցու վերականգնման նախագիծը և լրամշակելու են:
«Մեր մասնագետները կվերադառնան, մեր գործակալությունում համապատասխան քննարկումներ կանենք, նախագիծը կլրամշակվի այսօրվա իրողություններին համապատասխան և վրացական կողմին կներկայացնենք նոր նախագիծը»,-նշեց նա:
Նա հիշեցրեց, որ մինչ այդ հայ-վրացական կողմերի համաձայնությամբ ստեղծված նախագծով պետք է սկսվեին եկեղեցու ամրակայման աշխատանքները, քանի որ եկեղեցու մի հատվածն այս տարի տուժել էր հրդեհից: Իսկ երկու օր առաջ երկրաշարժի և տեղատարափ անձրևների պատճառով փլուզվել էր եկեղեցու զանգակատունը:
Նրա խոսքով, նախագծի փոփոխությունը կավելացնի նաև ֆինանսավորման ծավալները, սակայն վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու վերանորոգման համար տրամադրվելիք ֆինանսավորումը:
Նշենք, որ վրացական լրատվամիջոցներն այլ տեղեկատվություն են հաղորդում Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես հաղորդվում է, որ ռեստավրատորների խումբն արդեն սկսել է աշխատանքները: Այս մասին հայտնում է Newsgeorgia վրացական լրատվական կայքը՝ վկայակոչելով ` Վրաստանի հուշարձանների և մշակույթի պահպանության նախարարության հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում:










