Ո՞վ է հորինել Փարաջանովի միասեռականության մասին միֆը. Վահե Ավետյան
DIY ակումբի և Ծոմակի շուրջ թեժացած կրքերի «թափի տակ» է ընկել նաև Սերգեյ Փարաջանովը, որին ասուլիսի ժամանակ հիշել էր Վիոլետ Գրիգորյանը՝ «առաջարկելով» վառել նրա տուն-թանգարանը, քանի որ նա էլ է միասեռական: Թերևս այս ամենի բերումով ռեժիսոր, ակտիվիստ Տիգրան Խզմալյանը համացանցում տարածել է Վահե Ավետյանի՝ տարիներ առաջ գրած էսսեն Փարաջանովի կյանքի ամենաքննարկվող կողմի մասին:
Վահե Ավետյանը գրող է և հասարակական գործիչ, որը 1992-ից ապրում է Շվեդիայում՝ Ստոկհոլմում: Նա Եվրոպական օմբուդսմենների լիգայի հիմնադիրներից մեկն է, 2002-ին շվեդական «Կենտրոն» կուսակցության կողմից Շվեդիայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու է առաջադրվել:
Ստորև ներկայացվում է էսսեն:
- Փարաջանովը հոմոսեքսուալիստ չի եղել, Վահե, - հանկարծ ասում է իմ լավ բարեկամ Միքայել Նասբերգը, որի հարմարավետ տանը մի գավաթ սուրճի շուրջ մենք տեղավորվեցինք՝ լուսանկարներ նայելուց հետո:
Այս քեռուն՝ հորս տարեկցին, գտել եմ տարիներ առաջ՝ այն ժամանակ, երբ նա արդեն դադարել էր իր ներսում շվեդ որոնելուց՝ դա անհույս գործ համարելով:
-Թիֆլիսցի եմ ես, Վահե, թիֆլիսցի: Վերջապես հասկացել եմ դա՝ հայտնվելով հայրենիքում:
Միշան (այսպես են անվանում նրան բոլոր ռուսախոս ծանոթները) իմ այն ընկերներից է, որոնք Եվրոպա են ներգաղթել նախկին խորհրդային երկրի բոլոր ծակուծուկերից, ծնվել է Թիֆլիսում՝ շվեդ հորից, որն իր հերթին ծնվել է Սիբիրում՝ բոլշևիկ շվեդ պապից, որը, գաղափարախոսական հովերով տարված, անցած դարի սկզբին Ռուսաստան էր եկել՝ Ուլյանով Լենինին օգնելու: Սակայն երբ ավարտվել էին Ստոկհոլմի անտառներից բերված նվերները, նա աքսորում էր հայտնվել, որտեղ հիմք էր դրել շվեդ Նասբերգների դինաստային, այդ թվում՝ Միշային…
-Փարաջանովը հոմոսեքսուալիստ չի եղել, Վահե:
Միքայել (Միշա) Նասբերգը մանկուց Փարաջանովի ընկերն է, լուսանկարիչ է, դեռ խորհրդային ժամանակներում քենոն-մենոնների, կոդակ-մոդակների, ավարդ-մավարդների արժանացած: Մի խոսքով իր գործի վարպետ, որին միանգամից էլ ձեռքուոտքով պոկել-տարել էին նոր հայրենիք և նա հիմա հոյակապ աշխատանքի է, բայց անդադար տնքում է ու ասում.
-Թիֆլիսցի եմ ես, Վահե, թիֆլիսցի:
-Ինձ չի հետաքրքրում Փարաջանովի անկողինը, կամ որևէ մեկինը, Միշա: Երբ երիտասարդ էի որպես արվեստագետ նրան հեչ չէի գնահատում, որովհետև խելքս չէր հասնում և ոչինչ չէի հասկանում, հիմա կարծես հասկանում եմ ու հիանում եմ նրանով:
-Հենց դա էր վատությունը, Վահե: Լսիր բացատրեմ: Փարաջանովին իմացող մարդկանց կարելի է 2 ընդհանրական կատեգորիաների բաժանել: Խոզերի, որոնք հետաքրքրվում են ուրիշների սեռական կյանքով, հավանաբար չունենալով իրենցը, և պոռնիկների, որոնք լիբերալ են ձևանում ու ասում, թե չեն հետաքրքրվում ուրիշների անկողնով, բայց համարյա ոչ ոք չի ասում՝ ստոպ: Այդ մարդն ինչի՞ համար է բանտ նստել: Չէ՞ որ կենդանի են բոլորը, ովքեր նստացրել են նրան: Ինչո՞ւ նրանք պատիժ չեն կրում:
- Դե, այն ժամանակ, խորհրդային օրենքներով դատում էին: Այո, դա վատ է, բայց ես հիմա ի՞նչ անեմ: Նստացնողներին դատի՞ տամ: Հա՞: Դա ես ուզում: Իսկ դու ինչո՞ւ դատի չես տալիս:
-Ինքդ էլ գիտես ինչ անես, բայց հիմա խոսքը դրա մասին չէ: Ես խոսում եմ նրա մասին, որ նույնիսկ լիբերալի ուղեղը լվացված է. Փարաջանովը գեյ է եղել և այդ կերպ, նույնիսկ լիբերալին՝ իր կամքից անկախ, հաղորդակից են դարձվում ուրիշի անկողնուն:
Ինֆորմացիան տեղադրված է քո կոշտ սկավառակում, և նույնիսկ եթե չես քննադատում միասեռականներին, միևնույնն է գիտես, որ Փարաջանովը միասեռական է եղել: Բայց նա այդպիսին չի եղել: Ուզում եմ ասել, որ կարևոր չէ ֆաշիստ ես, թե լիբերալ, և թե ինքդ ինչ ես մտածում Փարաջանովի մասին: կարևորն այն է, որ իմացածդ ամեն ինչը սուտ է ու զրպարտություն, և դա վերաբերում է ոչ միայն Փարաջանովին: Մեր մեջ մի շարք տեղեկություններ են սերմանում բոլոր լուսավոր մարդկանց մասին, որոնց ժառանգությունը կարող է սպառնալիք լինել կայսրությանը, այդ տեղեկությունն ի սկզբանե սուտ է և սերմանվում է տասնամյակներով, գուցեև՝ հազարամյակներով: Ո՞վ գիտե: Արդյունքն այն է, որ մեր իմացածի մեծ մասը կամ նույնիսկ այն ամենը, ինչ գիտենք, սուտ է:
Մարդու միտքը շատ զազրախոսություններ են գալիս, որոնք ամեն առիթով ու ամենուր դուրս են տալիս մեր մեծերի հասցեին իմ հայրենակիցները, հատկապես նրանք, ովքեր սխալներով են գրում սեփական անուն-ազգանունը, և սովորաբար պնդում, որ տեղեկությունը ճիշտ է, քանի որ այդ մասին պատմել է չեկիստուհի մորաքրոջ որդին կամ շրջկոմի կոմսոմոլի քարտուղարի քրոջ սիրեկանը:
Թումանյանը մանկապիղծ էր ու վատ մարդ, նրան չէին սիրում հարազատները: Իսահակյանը պարսիկ էր ու ինցեստիտ: Չարենցը սիրում էր անչափահաս տղաներին ու թմրամոլ էր: Փարաջանովը գեյ էր:
Եվ այդպես վարկաբեկում են մարդկանց՝ նույնիսկ մահացածներին:
Մենք դեռ չենք հասկացել, որ քաղաքացիներ, ժողովուրդ ենք դարձել՝ արդեն 15 տարի, և որ համայնքայնությունը հարիր չէ ժողովրդին ու քաղաքացուն: Մենք վարկաբեկում ենք լույսը՝ բոլոր նրանց, ովքեր մեզ գիտելիք ու ոգի են ժառանգել, արարող ապագա: Իրենց վրա կամավոր չար ուժերի խորհրդանիշեր՝ աստղեր խփած՝ կոմիսարները՝ կազմակերպիչներն ու չարագործները, մանկուց, արմատախիլ են անում-սպանում հետաքրքրությունը սեփական գրականության, արվեստի, մշակույթի հանդեպ: Անում են դա կազմակերպված՝ Կրեմլի մշտարթուն կամ ուրիշ օտար վերահսկողությամբ:
Փարաջանովը հոմոսեքսուալիստ չէր, Վահե: Նրանք կանչել էին Թիֆլիսի չեկիստներն ու հայտնել, որ նա պետք է կապերը խզի եվրոպացի և արվեստի այլ գործիչների հետ, որոնք նրան հանճար էին ճանաչել դեռ 60-ականներին, որոնք նամակագրվում էին նրա հետ և Խորհրդային Միությունում լինելով տեսնվում էին նրա հետ, իսկ դա բնականաբար չէր կարող դուր գալ քաղբյուրոյին և դրան կից բուծված սուտ արվեստագետներին:
Այն ժամանակ, ինչպես և հիմա, Կենտկոմի քարտուղարն ու քաղբյուրոն էին նշանակում հանճարներին: Անկախ տաղանդը դատապարտված էր: «Եթե չխզես կապերդ արտասահմանցիների հետ, ամենուր կտարածենք, որ դու հոմոսեքսուալիստ ես», - ասել էին չեկիստները:
Թիֆլիսում դա հավասարազոր էր սպանության, Վահե: Եթե մարդու մասին նման լուր էր տարածվում, նրա վերջը եկել էր: Գողական կինտոները նրան կսպանեին առաջին իսկ նրբանցքում, նա չէր հասցնի նույնիսկ ձայն հանել, էլ չասեմ՝ բացատրել, որ չեկիստները գլխին սարքել են:
-Առ հա քեզ… Իսկ Փարաջանովն ի՞նչ արեց, Միշա:
-Արեց այն, ինչ կարող էր անել միայն Փարաջանովը: Նա պատասխանեց, որ իր գլխին սարքելու և ասեկոսեներ տարածելու անհրաժեշտություն բացարձակ չկա, որ ինքը միասեռական է, ինչից ուրախացած չեկիստները նրան հրամայել էին գրավոր ցուցմունք տալ:
Նա գրել էր, որ խոստովանում է, թե ինքը հոմոսեքսուալիստ է, սեռական կապեր է ունեցել տասնյակ մարդկանց հետ և գրել էր երկար անվանացանկ, որում առկա էին Բրեժնևը, Անդրոպովը, ամբողջ քաղբյուրոն, Վրաստանի Կենտկոմի անդամները և չեկիստները:
Փարաջանովը հոմոսեքսուալիստ չէր, Վահե:
Նա ուղղակի համարձակ մարդ էր, գուցե Խորհուրդների պատմության ամենահամարձակ մարդը և դրա համար էլ նա միշտ ազատ էր ու հավատացած, որ ոչ մի ՉէԿա՝ իր ամբողջ այլասերվածությամբ հանդերձ, չի կարող նսեմացնել իր հանճարեղությունը:
Պատմեց Ստոկհոլմում բնակվող ֆոտո-արվեստագետ Միքայել Նասբերգը:
Վահե Ավետյան, Ստոկհոլմ










