Մինսկում ցուցադրվել է «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Կինոյի տանը» մայիսի 16-ին տեղի է ունեցել «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրավիրվածների թվում են եղել հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, բելառուս հասարակության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար:
Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:
ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը՝ «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար», Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:
ՀՀ մշակույթի նախարարության ևս մեկ ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնեց Բելառուսի «Էրեբունի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին «Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար»:










