Յալանչի, ոստիկաններ և «Փախչող քաղաք». նոր գրքի շնորհանդես (լուսանկարներ)
Տարիներ առաջ, երբ կինոդիտումների համար երիտասարդներ էին խմբվում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առաջ, անցորդները, պատահում էր, տարակուսած հարցնում էին, թե ինչ է պատահել. ամենաշրջանառվող վարկածը աղանդավորների հավաքն էր...
Այսօր` տարիներ անց, ՆՓԱԿ, առաջ էլի մարդիկ կային, և էլի տարակուսած անցորդներ: Այս անգամ տարակուսանք էին հարուցել գրքի շնորհանդեսնի հրավիրվածները իրավապահների շրջանում:
ՆՓԱԿ-ի առաջ տեղադրված Քոչարի «Մելամաղձություն» արձանի շրջակայքում գրող, դրամատուրգ, թատրոնի դերասան Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք» (խմբագիր` Զավեն Բոյաջյան) վիպակի շնորհանդեսն էր: Իրեն` Թեքգյոզյանին, որ շատերին ծանոթ է Դրամատիկականի ներկայացումներից, հավաքվածների մեջ նշմարել հնարավոր չէր. նա ծաղրածուի հագուստով, վարդագույն հովանոցով և աթոռի վրա կանգնած ներկայացնում էր իր աշխատանքը:
Հավաքվածների մեջ էին բազմաթիվ հայտնի արվեստագետներ, մտավորականներ, որոնք, իհարկե, քննարկում էին ոչ միայն «Փախչող քաղաքը», այլև իրենց շատուշատ գործընկերների վերջին աշխատանքները. դա թերևս միակ տարածքն էր Երևանում, որ այդ պահին չէին քննարկում Ծոմակին կամ Beeline-ի կապը...
Գրքի հրատարակիչները և շնորհանդեսի կազմակերպիչները` «Անտարես» հոլդինգը և Հայկական առաջին գրական գործակալությունը, դուրս էին եկել մեզ մոտ ընդունված շնորհանդեսների «գրախանութային» ձևաչափից: Անցկացման վայրը` Երևանի թերևս ամենաինքնատիպ արձանի շրջակայքը, ընտրել էր հեղինակը` դրա համար ունենալով իր պատճառները: Ծաղրածուի կերպարանքով հայտնվելու հանգամանքը Թեքգյոզյանը բացատրեց մեր երկրում գրողի` «յալանչի» լինելու իր հիմնավորմամբ` այն իմաստով, որ նրա ոտքերի տակ հող չկա և նա, մի տեսակ, իր ճոպանի վրայով է անցնում...
Շնորհանդեսի օրիգինալությունը, սակայն, ինքնանպատակ չէր: Բուն գործը, որ Թեքգյոզյանը, գրել է 2007-ին, իր ասելիքով, որևէ այլ ձևաչափում ներկայացնելը նույնիսկ անտրամաբանական կլիներ: Ինքը` հեղինակը, իր աշխատանքն անվանում է «վիրտուալ կինովիպակ»: Գործը բաղկացած է 2 մասից: Յուրաքանչյուրում քաղաքը դիտարկվում է առանձին պերսոնաժի աչքերով... դիտարկումների մատուցումները առավել քան ինքնատիպ են և արդարացնում են Թեքգյոզյանի` նոր սերնդի 2 ամենահետաքրքիր հայաստանցի գրողներից մեկի համարումը:
Իսկ 2 ոստիկանները, որ շոուի հետ, փաստորեն կապ չունեին, չնայած կազմակերպիչների հրավերին, հրաժարվեցին համտեսել գրքի կազմով (քթին шпилька խփած մարդու պատկերով) տորթից և հեռացան` ասելով. «Մենք ձեզ հետ ենք»:










