Brain-Ring տնտեսագիտական խաղ-մրցույթի հաղթող ճանաչվեց Շիրակի թիմը
Հայաստանի 11 մարզերի և Երևանի ավագ դպրոցների աշակերտներն այսօր մեկական թիմերով մասնակցեցին Brain-Ring տնտեսագիտական խաղ-մրցույթին, որը կազմակերպել էին ՀՀ կենտրոնական բանկը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը:
Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և շուկայական վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը նշեց, թե կարևոր է, որ մարդու մեջ սեփական ֆինանսների կառավարման մասին գիտելիքներ սերմանվեն դեռևս դպրոցահասակ տարիքից:
«Մրցույթը նպաստելու է ընդհանուր գիտելիքների ավելացմանը: Գուցե, նրանք ոգևորվեն և հենց այս ոլորտում շարունակեն իրենց ուսումը»,- ասաց Մկրտչյանը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեխաներն ամբողջ տարի սովորել են տնտեսագիտության հիմունքներ և այսօր հնարավորություն ունեն իրենց գիտելիքներն ի ցույց դնել:
Մրցույթը բաղկացած էր կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերից: Եզրափակիչ փուլին մասնակցեցին Տավուշի, Շիրակի և Արարատի թիմերը: Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի անդամները մրցույթի հաղթող ճանաչեցին Շիրակի մարզի թիմին:
Նշենք, որ մրցույթի ընթացքում աշակերտները կատարեցին 4 առաջադրանք, դրանցից մեկը՝ Կենտրոնական բանկը գովազդելն էր: Յուրօրինակ էր այդ առումով, հատկապես, Շիրակի մարզի թիմը, որը հատուկ երգ էր նախապատրաստել և հենց երգի միջոցով ներկայացնում էր ԿԲ-ի առաքելությունը:
Խաղ-մրցույթի մասնակից բոլոր թիմերը ստացան խրախուսական նվերներ, իսկ հաղթող թիմին տրվեց Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր:










