Հայաստանում կանցկացվի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»

11:06 • 21.05.12

Հայաստանում այս տարի առաջին անգամ մայիսի 21-27–ը կնշվի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ», այս մասին Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեց Գայանե Դուրգարյանը:


«Կիրականացվի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա» միջոցառումների ծրագիր՝ մայրաքաղաքի և մարզերի համար։ Բացի այդ, Մշակույթի նախարարությունը կառավարությանը ներկայացրել է գեղարվեստական կրթության փաթեթ»,- հայտնեց Գայանե Դուրգարյանը:


Փաթեթը կոչվում է՝ «Մանուկների և պատանիների կրթության 2012-2015 թթ.պետական ծրագիր»:


Հիշեցնենք, որ մայիսի 21-ը մշակութային բազմազանության համաշխարհային օրն է, իսկ մայիսի 21-27 –ը, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի բանաձևի՝ հռչակված է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»։


Հայաստանում մի շարք մշակութային, հասարակական կազմակերպություններ ևս պատրաստվել են մշակութային մեկ շաբաթին և այսօր Երևանում, ժամը՝ 16:15-ին, «Կասկադ» համալիրից կմեկնարկի «Մշակութային բազմազանության շքերթ»-ը, որը կավարտվի ժամը 17:00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակում:


Շքերթի երթուղին է՝ «Կասկադ» համալիր, Մաշտոցի պողոտա, Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց, Շառլ Ազնավուրի հրապարակ:


Շքերթի ընթացքում մասնակիցները անցորդներին կբաժանեն տեղեկատվական նյութեր՝ մշակութային բազմազանության մասին, ինչպես նաև, հրավիրատոմսեր` մասնակցելու Նկարիչների միությունում անցկացվող «(ԱՆ)ՆՄԱՆ » կոչվող ցուցահանդեսին:

 

Միջոցառումների շրջանակներում նախատեսված են նաև քննարկումներ՝
«Կին փախստականներ»-ը և «Բազմազանություն և այլակարծություն» թեմաներով:


Մայիսի 26-ին «Բազմազանության շաբաթվա» միջոցառումների փակումը տեղի կունենա «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունում: