«Դվին» հյուրանոցի մոտակայքում տեղադրված «Լեռնային պար» քանդակը փրկության կարիք ունի
«Լեռնային պար» քանդակը, որը տեղադրված է Դվին հյուրանոցի հարակից տարածքում, փրկության կարիք ունի. այս մասին ահազանգում են քանդակագործ Տիգրան Արզումանյանը, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, դերասան Ազատ Գասպարյանը, ովքեր այսօր, այդ առիթով մամուլի ասուլիս էին հրավիրել:
Քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը նշեց, որ տարիներ շարունակ հյուրանոցի տարածքը չի բարեկարգվել և քանդակի շուրջն աճած ծառերը փակել են այն՝ որոշ չափով նույնիսկ վնասել:
«Շենքի սեփականատերերը Ռուսաստանից են և քանդակը չի պատկանում շենքին, այն պատկանում է քաղաքին: Ես այն արել եմ քաղաքի պատվերով: Այդ պատճառով քաղաքապետարանը հանգիստ կարող է այն տեղափոխել: Քանդակը, գտնվելով այդ վայրում, շատերը չեն տեսնելու, չեն էլ իմանում դրա մասին»,- ասաց հեղինակը:
Նա հիշեցրեց, որ քանդակը կանգնեցվել է 1984թ-ին և մեծ արձագանք ստացել արվեստագետ հասարակության կողմից:Տիգրան Արզումանյանը նշեց նաև, որ հարցին լուծում տալու նպատակով, ինքը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Ինքը՝ քաղաքապետն անգամ ասաց, որ չի հիշում այդ քանդակը, բայց խոստացավ լուծել հարցը: Հանդիպման ժամանակ ես բարձրացրի տեղափոխման հարցը, բայց ես ինքս չասացի, թե որտե՞ղ եմ պատկերացնում քանդակի նոր տեղը»,-ասաց նա:
Քանդակագործ Լևոն Իգիթյանը նշեց, որ այս տարիներին «Դվին» հյուրանոցի շենքի նոր նախագծերը համահունչ չեն քանդակի բովանդակության հետ և խիստ անհարմար են:
«Էնտեղ պետք է կողքերից ավելացնեն, առաջ տան շենքը, հարմար չէ տեղը: Պարզ էլ չէ, թե ե՞րբ կսկսվեն աշխատանքները, իսկ այդ արձանի արժեքը, անկասկած, շատ մեծ է և քաղաքի համար մեծ բան չէ մի տեղ գտնելն ու տեղափոխելը: Դրա լավագույն տեղը կլինի Մաշտոցի պողոտայից դեպի մանկական երկաթուղի տանող ճանապարհը»,- ասաց քանդակի հեղինակ Արզումանյանը:
Ազատ Գասպարյանն էլ նշեց, որ այն երևելի քանդակ է, որի շուրջ մարդիկ պարում էին, և որ քանդակն արտահայտում է մեր ազգային դիմագիծը:
Լևոն Իգիթյանը նշեց նաև, որ իրենք, այդ հարցը բարձրացնելով, փորձում են հասարակությանը տեղեկացնել, ապա նախապատրաստել արձանի տեղափոխման մտքին, որպեսզի հետագայում աղմուկ չբարձրանա:










