Էրդողանն ընդդեմ թուրքական մշակույթի. Eurasianet
«Թուրքական իշխանությունները տհաճ քննարկման մեջ են մտել աշխարհիկ մտածելակերպով դերասանների հետ՝ հանրային թատրոններում խոսքի ազատության հարցի շուրջ: Թուրքիայի վարչապետը հրապարակայնորեն ծաղրել է թատրոնի դերասաններին՝ անվանելով «յակոբինյաններ», որոնք խարխլում են ավանդական թուրքական արժեքները»,- գրում է Eurasianet-ը՝ վերջին շրջանում Թուրքիայում արդիական դարձած թատրոն-պետություն խնդրի վերաբերյալ «Հանրային թատրոնները մշակութային պատերազմի խաչմերուկներում» վերնագրով իր անդրադարձում:
Կրքերը բորբոքվել էին ապրիլին Ստամբուլի Քաղաքային թատրոնում Մարկո Անտոնիո դե լա Պարրայի «Առօրյա անվայել գաղտնիքներ» պիեսի բեմադրության առիթով, որում պատմվում է Չիլիի նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի օրոք ազատության պակասի մասին: Պահպանողական լրատվամիջոցները քննադատեցին պիեսում տեղ գտած մերկության և սեռական մեղսավորության թեմաները՝ «վուլգար» պիտակավորմամբ:
Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը մունիցիպալ թատրոնների գեղարվեստական վերահսկումը շտապ փոխանցեց իր վարչակազմին: Նախկինում թատրոններն իրենց «բեմադրելիքը» ինքնուրույն որոշելու իրավունք ունեին: Վարչապետ Էրդողանը սատարեց Ստամբուլի քաղաքապետի քայլին և կոչ արեց պետական աջակցություն ունեցող բոլոր թատրոնները քաղաքական վերահսկման տակ առնել:
«Եթե աջակցության կարիք լինի, ապա մենք՝ որպես իշխանություն, կարող ենք հովանավորել մեր ուզած ներկայացումները», - մայիսի կեսին հայտարարել էր Էրդողանը:
Այս փոփոխությունը վրդովեցրեց թուրք դերասաններին: Ի պատասխան հարյուրավոր դերասաններ Ստամբուլում և Անկարայում ցույցի ելան՝ «Հեյ, սուլթան, ձեռքերդ հեռու քաշիր թատրոններից» գրություններով պաստառներով:
Պետությաւնից ֆինանսավորվող թատրոնների ավանդույթը Թուրքիայում սկիզբ է առել 1923-ին Թուրքիայի Հանրապետության ձևավորման հետ, երբ պետական աջակցությունը դիտվում էր իբրև հասարակության արևմտականացումը խթանելու միջոց: Այժմ նման աջակցությունը կասկածելի է դիտվում շատ թուրքերի կողմից:
Այսօր թուրքական թատրոնները տարեկան 63 մլն դոլար ֆինանսավորում են ստանում պետությունից: Ամեն տարի 5000- 6000 ներկայացում է խաղացվում:
Ըստ Eurasianet-ի՝ «ջերմեռանդ մուսուլման վարչապետը թատերական կամ գեղարվեստական գործերում հայտնի չէ իր ճաշակով»: Եվ նա «բռնանում է հանրային թատրոնների վրա՝ իբրև արևմտյան կողմնորոշում ունեցող էլիտարության բաստիոնի մի վայրի, որտեղ մարդիկ իրենց հեռու են պահում միջին, սովորական թուրքերից»:
Մայիսի սկզբին Ադանայում իր ելույթի ժամանակ նույն առիթով Էրդողանը նկատել էր. «Սա սեփական ժողովրդին վերից վար նայելու էլիտարիստական մոտեցում է՝ իշխանության ու եկամտի սեփական գոտու ստեղծմամբ: Նրանք մյուսներին թույլ չեն տալիս մուտք գործել իրենց կաստա: Այդ մարդիկ բարերից դուրս, ձեռքներին վիսկիի բաժակ կանգնած են ու վերևից են նայում ժողովրդին: Առանց որևէ բան թողարկելու նրանք միայն վիրավորում են մարդկանց՝ իրենց ամենագիտական վերաբերմունքով»:
10 տարի առաջ Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալու հետ մտավախություն առաջացավ, որ դրա իսլամական ակունքները կսպառնան երկրի աշխարհիկ կողմնորոշմանը: Մինչ այժմ, գտնում է հոդվածագիրը, այդ վախերը գլխավորապես անհիմն էին, բայց անցած տարվա ընտրություններում ունեցած հաղթանակից հետո, այժմ կրկին աճում է մտահոգությունը:
«Վարչապետն այժմ այնքան վստահ է [Արդարություն և զարգացում կուսակցության] անվերջ իշխանության հարցում, որ հիմա էլ ամբողջական սոցիալական ինժեներիայի ազդանշան է տալիս», - համարում է Ստամբուլի Բահչեշեհիրի համալսարանի քաղաքագետ Չենգիզ Աքթարը:
Դերասաններին սպառնալուց հետո նա սպառնում է սեփականաշնորհել երկրի 58 պետական թատրոնները:
«Ներողություն, չեք կարող քաղաքային իշխանություններից ստանալ ձեր աշխատավարձը, ապա քննադատել ղեկավարությանը: Նման աբսուրդ բան չկա», - ասել է Էրդողանը:
Սակայն խնդիրը միայն թատրոնին չի վերաբերում: Խնդիրը ակտուալ է նաև հեռուստատեսությունների դեպքում, որոնցից շատերը տուգանվում են բարոյականության նորմերը խախտելու համար, օրինակ, «ալկոհոլի և ծխախոտի կիրառումը քաջալերելով ընտանիքին սպառնալու համար»: Այս առումով թիրախ են ժողովրդականություն վայելող սերիալները:
Սակայն Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը ցրել է մտավախությունն առ այն, թե ձեռնարկված քայլերը կապ ունեն քաղաքական գրաքննության հետ:
«Թուրքիայում գեղարվեստական և մշակութային կյանքը ոչ մի դեպքում հետդարձ չի կատարելու»,- ասել է նա:










