«Հայաստանի փոքրիկ երգիչները» լավագույններից մեկն է ճանաչվել՝ «Թող ապագան երգի» փառատոնում

12:35 • 22.05.12

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցել է երեք տարին մեկ կազմակերպվող մանկական երգչախմբային արվեստում ամենահայտնի՝ «Թող ապագան երգի» (Let The Future Sing) Ստոկհոլմի փառատոնին և ճանաչվել լավագույններից մեկը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

 

Նա նշեց, որ երգչախումբը փառատոնից հետո հնարավորություն է ստացել համերգով հանդես գալ Ստոկհոլմի լավագույն բեմերից մեկում` Konserthuset համերգասրահում:

Ապրիլի վերջին կայացած փառատոնին մասնակցել են վեց երկրների երգչախմբեր: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին, Հեքեքյանի խոսքով, մասնակցության հրավեր ուղարկել է Շվեդիան` դիմելով ՀՀ մշակույթի նախարարությանը: Վեց երգչախմբերից ընտրվել են լավագույն երեքը, դրանցից մեկը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն է:

 

«Երրորդ օրն էինք ելույթ ունենում, և առաջին մեր կատարումից հետո, հնչեց Մաշտոցի շարականը, որը մեր գանձն եմ ես անվանում. մի պահ մարդիկ կարկամում էին, մի պահ ծափահարություն չէր լինում, լռություն էր տիրում»,-պատմեց Տիգրան Հեքեքյանը:

 

Երգչախումբը կատարել է հայ մեծերի՝ Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Ստեփան Շաքարյանի, իսկ երիտասարդ երգահաններից` Ռոբերտ Պետրոսյանի, Դավիթ Հալաջյանի, Արմինե Կարապետյանի ստեղծագործությունները, ինչպես նաև, կատակային երգեր, ջազային ստեղծագործություններ:

 

Հեքեքյանը նշեց, որ մեծ է եղել երգչախմբի հանդեպ հանդիսատեսի հիացմունքը և բոլոր համերգներն ավարտվել են հոտնկայս ծափահարություններով:

 

Տիգրան Հեքեքյանը կարևորեց այն, որ այս փառատոնին մասնակցությամբ երգչախմբին հնարավորություն է տրվել շփվել աշխարհահռչակ մեծությունների հետ: Նույնը փաստեցին նաև երգչախմբի երգիչները:

Տիգրան Հեքեքյանը տեղեկացրեց, որ աշխարհահռչակ մեծություններից Շվեդիայում ներկա էին «Ադոլֆ ֆրեդերիկ» երգչախմբի հիմնադիր Բո Յոհանսոնը և Լատվիայի ժողովրդական արտիստ Գիդո Կոկարսը:

«Ինձ համար սա առաջին շրջագայությունն էր: Այն ինձ հնարավորություն տվեց շատ ընկերներ ձեռք բերել, որոնց հետ (սոց)ցանցերով հիմա էլ ենք շփվում: Բացի այդ, շատ կարևոր էր տեսնել և շփվել մեծությունների հետ»,-ասաց Անի Սահակյանը:

«Փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավարը նշեց, որ այս տարվա հուլիս ամսվա սկզբին երգչախումբը պատրաստվում է շրջագայություններով հանդես գալ Ճապոնիայում, և բոլոր ծախսերը հոգալու է Ճապոնիան: