Հայկական լուրերը տխուր են, իսկ ես ուրախ լուրեր եմ բերում. Արա Գևորգյան

16:02 • 23.05.12

Եթե հայկական լուրերը տխրությամբ են ողողված, ապա կոմպոզիտոր Արա Գևորգյանն ասում է, որ ինքն ուրախության լուրեր է տարածում իր արվեստով։


«Եթե մեր ամբողջ լրատվությունը տխուր է, ապա ես միայն ուրախն եմ ասում: Sony Playstation 3 համակարգչային խաղերի մեջ, այսուհետ, կարող եք լսել նաև իմ երգերը: Օրինակ՝ «Արցախ» ստեղծագործությունը կկարողանաք լսել «Մարտեր առանց կանոնների» համակարգչային խաղի ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտորը։

Արա Գևորգյանը նշեց, որ ինքը տարբեր երկրներում համերգային ծրագրերով է հանդես եկել, բոլորն էլ` խաղաղություն կարգախոսով:


Առաջիկայում Արա Գևորգյանի գրած երգերով հանդես կգան աշխարհահռչակ մի շարք երգիչներ:


«Իմ խոսքով աշխարհը չի խաղաղվի, սակայն խաղաղության մասին պետք է բարձրաձայնել: Արդեն իսկ բանակցություններ են ընթանում Սելեն Դիոնի հետ: Վերջինս մի պայման է առաջ քաշել, որ տեսահոլովակի վրա պետք է լինի Միավորված ազգերի կազմակերպության լոգո-նշանը: Շատերի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,- ասաց Արա Գևորգյանը՝ ավելացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերել նաև Ֆիլիպ Կիրկորովի հետ:


«Ֆիլիպ Կիրկորովը երգել է այդ տեսահոլովակում, սակայն ես նրա առաջ մի պայման եմ դրել, այն է՝ նա պետք է երգի իմ «Ադանա» ստեղծագործությունը, իսկ եթե նա չերգի «Ադանան»-ն, ապա չի մասնակցի իմ՝ խաղաղությանը նվիրված համաշխարհային տեսահոլովակին»,-ասաց Արա Գևորգյանը։