Ուկրաինայում ՀՀ դեսպանը պարգևատրել է Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանի տնօրենին

10:27 • 23.05.12

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը մայիսի 22-ին ընդունել է Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանի տնօրեն Վերա Վինոգրադովային, հայտնում է Analitika.at.ua-ն:

 

Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է մշակութային ու պատմական արժեքների նույնականացման հարցի կարևորությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել մշակութային ժառանգություն համարվող օբյեկտների, թանգարանային իրերի, մշակութային արժեքների հետազոտման ու նույնականացման աշխատանքներին աջակցության համար: Նշենք, որ Ուկրաինայում հայկական պատմական ժառանգության նմուշներից` Կամենեց- Պոդոլսկիից Մարիամ Աստվածածնի լեգենդար սրբապատկերը նույնականացվել է թանգարանի մասնագետների կողմից և կցուցադրվի ուկրաինական թանգարանում:

 

«Երկու երկրների հարուստ մշակութային ժառանգությունը վկայում է համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում մեր ազգերի մեծ ներդրման մասին: Դրանց ուսումնասիրումն ու պահպանումը մեր սուրբ գործն է»,- ասել է Անդրանիկ Մանուկյանը:

 

Նա պարգևատրել է Վերա Վինոգրադովային Ուկրաինայում հայկական ավանդույթների ու արժեքների մասսայականացման գործում ունեցած ակտիվ ներդրման ու ակտիվ հասարակական գործունեության համար: