75 մետրանոց «անդունդ»՝ Շառլ Ազնավուրի հրապարակում. առաջին եռաչափ նկարը Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր տեղի ունեցավ եռաչափ (3D) փողոցային արվեստ (street art) հանդիսավոր բացման արարողությունը:
Հատակին նկարված առաջին հայացքից ոչինչ չասող նկարը միայն լուսանկարվելուց հետո է ստանում ցանկալի արդյունքը:
Համապատասխան կետից նկարվելուց հետո, հայտնվում ես 75 մետրանոց անդունդում, որտեղ էլ երախները բաց քեզ սպասում են կոկորդիլոսները:
Նվերը մատուցել են Երևանի քաղաքապետարանը և «Ամերիա» բանկը՝ «Երազանքների պատ» ծրագրի շրջանակներում:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ից մինչև 20-ը քաղաքապետարանն իրականցրեց «Երազանքների պատ» ծրագիրը, որի վրա թե մեր քաղաքացիները, թե քաղաքի հյուրերը հնարավորություն ստացան ներկայացնել, թե ինչ ցանկություններ և երազանքներ ունեն՝ կապված քաղաքի արտաքին տեսքի հետ:
Քաղաքապետը նշեց, որ պատին գրված ցանկությունների գերակշիռ մասը վերաբերում էր, Երևանում եռաչափ նկարներ ունենալուն:
«Գերմանիայից հրավիրեցինք հյուրեր, նկարեցին և հանձնեցին մեր քաղաքացիներին: Նման երազանքների պատի ծրագիրը շարունակական է լինելու և ամբողջական ամփոփումից հետո կտեսնենք, որ մեր մյուս քաղաքացիներն էլ ինչ ցանկություն են ներկայացրել»,-ասաց քաղաքապետն ու հավելեց, որ համագործակցությունը մասնավորի և քաղաքապետարանի հետ շարունակական բնույթ է կրելու և քաղաքապետարանը դեմ չէ նման համագործակցություններին:
Նշենք, որ ընդհանուր առմամբ «Երազանքների պատ» նախաձեռնության մասնակիցների թիվը գերազանցում է 4000-ը, որից մոտ 800-ը եղել են 3D փողոցային արվեստի վերաբերյալ:
Մնացած ցանկությունների մեջ գերակշռում են այնպիսիք, ինչպիսիք են Երևանի կանաչապատումը, լուսավորությունը, սահմանափակ կարողություններով մարդկանց համար ինքնուրույն տեղաշարժման պայմանների ստեղծումը և այլն:
Նկարն իր տեսակով Երևանում առաջին անգամ է իրականացվում, որի հեղինակը աշխարհահռչակ 3D նկարիչ Նիկոլայ Արնդտն է: Սա նրա նկարներից ամենամեծն է:
Nikolaj Arndt from Arthur Lumen Gevorgyan on Vimeo.










