Հիմա արդեն հեռուստաեթերում է ծնվում փողացային ժարգոնը. Հանրային խորհրդի անդամ
Հայաստանյան հեռուստաեթերում ներկայումս ավելի վատ վիճակ է, քան «Հեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիա» անվանումն ունեցող Հռչակագրի ստորագրումը, Tert.am –ի հետ զրույցում իրավիճակն այսպես գնահատեց Հանրային խորհիդի անդամ Հովիկ Մուսայելյանը։
«Այս գործընթացին հետևած ամիսներին դրական տեղաշարժերը ակնառու էին, սակայն, ցավոք սրտի, ինքնակարգավորումը երկար չտևեց, քանի որ ռեյտինգների հետևից ընկնելու անառողջ գործելակերպը, հեռուստաեթերի գովազդային շուկայում տիրող անբարեխիղճ իրավիճակը հանգեցրին այսօրվա եթերին»,– ասաց նա:
«Ցավով եմ արձանագրում, քանզի մեր սպասելիքներն այլ էին: Եվ ամենասարսափելին այն է, որ եթե նախկինում փողոցային ժարգոնն էր բերվում հեռուստաեթեր, ապա այսօր հեռուստաեթերում է ստեղծվում գռեհիկ ժարգոն, որն անմիջապես կրկօրինակվում է փողոցում»,– ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ մոտ 3 տարի առաջ Հայաստանի 12 հեռուստաընկերություն ստորագրեցին 20 կետից բաղկացած հեռուստաեթերում ընդհանուր խաղի կանոնների պահպանման, ընդհանուր նորմեր և վարքականոններ (չքարոզել բռնություն, արյուն, էրոտիկ տեսարաններ, զերծ մնալ փողոցային բառապաշարից և այլն – Tert.am ) սահմանող հռչակագիր:
Ըստ մեր զրուցակցի՝ հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության ընդհանուր վարքականոնի ստորագրման արդյունքում բոլոր հեռուստաընկերությունները միաժամանակ դադարեցրել էին «գաղութային արժեհամակարգ քարոզող սերիալների ցուցադրությունը» և ըստ պայմանավորվածությունների, դրանք պետք է հաջորդեին ազգային համերաշխության և հանդուրժողականություն քարոզող ֆիլմեր և հաղորդումներ:
Հովիկ Մուսայելյանը հավելեց, որ ոչ միայն մտավորականներն են մտահոգված հեռուստաեթերի վիճակով, այլ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ամեն օր զանգահարում են Հանրային խորհուրդ և պահանջում են լինել ավելի հետևողական:
Հասկանալով, որ զուտ էթիկական նորմերով հեռուստաընկերությունները ինքնակարգավորվողը չեն, Հանրային պալատը պատրաստվում է նախաձեռնել օրենսդրական նախաձեռնություն։
Իսկ մոտ մեկուկես ամիս առաջ Հանրային խորհրդի անդամները Սերժ Սարգսյանին են ներկայացրել իրավիճակը: Առաջարկվել է բարեփոխումներն սկսել Հանրային հեռուստաընկերությունից և որպես առաջին քայլ՝ առաջարկվել է , որպեսզի Հանրային հեռուստաընկերությունը դադարեցնի կոմերցիոն գովազդների հեռարձակումը՝ դրանք փոխարինելով սոցիալական, դաստիարակչական և ուսուցողական բովանդակություն ունեցող գովազդներով:
Առաջարկվել է նաև, որպեսզի ստեղծվի Հանրային խորհուրդ-Հանրային հեռուստաընկերություն աշխատանքային խումբ, որն էլ պետք է զբաղվի Հ1-ի «բովանդակային կերպարանափոխման համատեղ ծրագրի մշակմամբ»:
«Վերջապես կրթական նշանակություն պե՞տք է ունենա «Հանրայինը», թե ոչ: Ոչ թե ընկնեն ռեյտինգների հետևից: Հանրային հեռուստատեսությունը պետք է ռեյտինգների հետևից քիչ ընկնի»,- ասաց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ կիսում է գաղափարը, որ այս երկու կառույցները պետք է ավելի սերտ համագործակցեն:
Իսկ հենց «Հանրայինն է» ընտրվել բարեփոխումների օբյեկտ, որպեսզի հարկատուների միջոցներից սնվող լրատվամիջոցը ինքը բարեփոխվելուց հետո մյուսների համար օրինակ ծառայի:










