«Հարսնաքարի» միջադեպին հասցրեց հասարակության անտարբերությունը. Լևոն Անանյան

11:34 • 26.06.12

Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կարծում է, որ մեր հասարակությունն ինքն իր անտարբերությամբ բերեց-հասցրեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին ու այդ բոլորն անում է 20 տարի շարունակ:


Tert.am –ի հետ զրույցում, խոսելով միջադեպի մասին, նա ասաց, որ մեզանում չկա խոսքի ոչ առաջարկը, ոչ՝ պահանջարկը։


«Լրագրողը գրեց, ես գրեցի, դրանից ինչ՞ է փոխվում»,- ասաց Լևոն Անանյանը՝ ի պատասխան «Առավոտ» օրաթերթի խմբագրականի այն դիտարկմանը, թե այսօր մեր մտավորականությունը գերադասում է խոսել «անշառ» թեմաներից, օրինակ՝ սերիալների դեմ բողոքելով, այլ ոչ պաշտոնյայի ու օլիգարխի, որի թիկնապահը նրան կարող են ֆիզիկական վնասվածքներ պատճառել:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ռազմական երեք բժիշկներ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեցին, ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այսօր Վահե Ավետյանը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

 

Գրողների միության նախագահը, ի պատասխան «Առավոտի» խմբագրականի կրկին նկատեց, որ անտարբերությունը և հանգիստ ապրելու կերպը ողջ հասարակությունում է տարածված է, իսկ մտավորականն այդ հասարակության մանրակերտն է, ապա բարկացած ասաց, որ վերջին քսան տարում մտավորականին այնքան են «գցել քացու տակ», որ ոչ ոք նրա խոսքին ունկնդիր չէ :


«Մենք հանդուրժում ենք և հիմա էլ ասում ենք՝ ի՞նչ է կատարվում:Կկատարվի և ամեն օր կարող է կատարվել: Քաղաքացիական ակտիվությունը փոխադարձ շարժում է. մի տեղ քարոզն է, մյուս տեղը քարոզը լսողն է»,- ասաց:


Լևոն Անանյանի գնահատմամբ՝ այս իրավիճակում ոչ մի բան չի փոխվելու մինչև որ մեր հասարակության մեջ այնքան խմորումներ լինեն, որ հասարակությունը գիտակցի իր պարտականությունը ու պատասխանատվությունը:


«Երբ կգա դրա ժամանակը, բոլորս հավաքվենք, մի կառույց լինի, շիտակ, մտահոգ խոսակցություն բացենք, թե էս ո՞ւր ենք գլորվում, և դրա հատակը որտեղ է»,- ամփոփեց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: