Երազում եմ, որ իմ երկրում մի ինստիտուտ գործի` մեր մշակույթը պահպանելու, զարգացնելու առաքելությամբ. բանաստեղծ Նշան Աբասյան
Հունիսի 6-12-ը Ջենովայում կայացավ պոեզիայի ամենամյա փառատոնը, որին այս տարի առաջին անգամ մասնակցում էր նաև Հայաստանը: Փառատոնին հրավիրվել են «Դլե Մկոն Դե» (կիթառ և վոկալ) նախագծի ղեկավար Աշոտ Ադամյանը, մասնակիցներ՝ Արմինե Գեղամյանը և Քրիստինե Ղազարյանը, երիտասարդ պոետ Նշան Աբասյանը, ինչպես նաև Դավիթ Մաթևոսյանը` որպես Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք նախագծի համակարգող: Tert.am-ին տված հարցազրույցում բանաստեղծ, բանաստեղծությունների երկու ժողովածուների հեղինակ Նշան Աբասյանը պատմեց, թե ինչպես է անցել փառատոնը, ինչպես է իտալացի հանդիսատեսը վերաբերվել հայկական պոեզիային ու երաժշտությանը։
- Ինչու՞ Հայաստանը մինչ այս չէր մասնակցել փառատոնին, և ինչո՞վ էր պայմանավորված մասնակիցների ընտրությունը:
- Իմ կարծիքով` մեր մշակույթի նախարարությունը միայն վերջին տարիներին է փորձում ուղղորդված քաղաքականություն իրականացնել` հայ արվեստը այս կամ այն չափով միջազգային հարթակներում ներկայացնելու համար: Կատարվող քայլերը, իհարկե, դեռ չափազանց հեռու են բավարար լինելուց, սակայն կարծում եմ` դրանք միայն մեկ հոգու, ասենք` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անելիքը չեն: Որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի և որպես հեղինակ` ես երազում եմ, որ իմ երկրում մի ամբողջական ինստիտուտ գործի` մեր մշակույթը պահպանելու, զարգացնելու և տարածելու առաքելությամբ: Կարծում եմ` դրա համար վիթխարի դրամական միջոցներ պետք չեն, այլ ավելի շատ` հոգևոր գիտակցություն և անկեղծ մղում մեր հայրենիքը մշակութային երկիր տեսնելու:
Ինչ վերաբերում է Ջենովայի փառատոնին Հայաստանի մասնակցությանը, պիտի ասեմ, որ մեր բախտը պարզապես բերեց: Անցյալ տարի հիշյալ փառատոնի տնօրենը` իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցցանին` «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հրավերով, մասնակցում էր մեր «Գրական տապան – 2011» փառատոնին, որտեղ էլ ծանոթացել էր մեզ և հենց պարոն Մաթևոսյանի միջոցով հրավիրել Իտալիա: Ինքն էր ընտրել մասնակիցներին` իհարկե Դավիթ Մաթևոսյանի առաջարկությամբ:
- Ի՞նչ ստեղծագործություն ներկայացրիք իտալացի հանդիսատեսին, ինչպիսի՞ն էր արձագանքը:
- Հատուկ ընտրություն չէի կատարել: Ընկերներիցս Անի Հակոբյանին խնդրել էի անգլերեն թարգմանել բանաստեղծություններիցս մի քանիսը, որոնք ինքը կնախընտրի: Թարգմանված տասը-տասնհինգ գործն էլ տարել էի ինձ հետ: Արձագանքը շատ ջերմ էր: Ես հասկացա, որ այն, ինչ քեզ համար խորապես անձնական է, խորապես նվիրական, մարդկային, հարազատ է բոլորին` անկախ ազգությունից ու լեզվական պատկանելիությունից: Գյուղի մեր այգում նստած` հորս մասին բանաստեղծություն եմ գրել, որը, պարզվում է, հասկանալի ու սիրելի է իտալացուն և արգենտինացուն:
– Արդյո՞ք լեզվական արգելքներ առաջացան և եթե այո, ապա ինչպես հաղթահարեցիք։
- Իմ բանաստեղծությունները ես կարդում էի հայերեն, այնուհետև հաջորդում էր թարգմանությունը: Այդ կերպ փորձում էինք մեղմել լեզվական տարբերությունները. հանդիսատեսը նախ լսում էր բնագրի լեզուն, հնչերանգը, ապա այս կամ այն չափով հաղորդակցվում նաև մտքին: Համենայն դեպս արձագանքներից երևում էր, որ մարդկանց խորթ կամ անհասկանալի չէ այն, ինչ հնչում է բեմից:
- Դուք ժամանակակից հայ բանաստեղծներից առաջինն էք, ով մասնակցեց այս հեղինակավոր փառատոնին: Ի՞նչ հնարավորություններ են տալիս նման միջոցառումները:
- Եթե խոսելու լինեմ փառատոնի ընձեռած հնարավորություններից, նախ պետք է նոր կապերի ստեղծումն առանձնացնեմ: Ես բազմաթիվ գրչակից ընկերներ ձեռք բերեցի` աշխարհի տարբեր երկրներից: Ստացա այլ փառատոների մասնակցելու, տպագրվելու առաջարկներ, որոնց, իհարկե, պատասխանեցի քաղաքավարի ժպիտով միայն` հասկանալով, որ դրա համար ինձ դրամական միջոցներ և մենեջերական պրոֆեսիոնալ աջակցություն է պետք: Փառք Աստծո, որ կան Դավիթ Մաթևոսյանի նման մարդիկ, որոնց մասնավոր աջակցությամբ հայ գրողն այսօր դեռ կարողանում է դրսևորվել երկրի սահմաններից դուրս:
- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում, ե՞րբ է հրատարակվելու Ձեր հաջորդ ժողովածուն:
- Այժմ փորձում եմ ամենօրյա աշխատանքից դուրս ժամանակ գտնել` ավելի լրջորեն զբաղվելու բանաստեղծություններիս թարգմանությամբ: Հրաշալի ընկերներ ունեմ, որոնք օգնության ձեռք են մեկնում: Որոշակի քանակությամբ թարգմանություններ ունենալուց հետո ուզում եմ դրանք ուղարկել արտասահման` այնտեղ տպագրելու համար: Շատ կուզեի, որ լիներ մեկը, ով ամբողջությամբ իր ուսերին կվերցներ այդ գործը` ինձ թողնելով միմիայն ստեղծագործելը:
Գրում եմ... շարունակում եմ գրել. փոքրիկ արձակ բանաստեղծություններ են, որոնք ծնվում են հիմնականում բնության հետ իմ առանձնության պահերին` մեր տան պաշգամբում, խաղողի այգում, ուխտի ճանապարհներին, սենյակումս` լռության մեջ: Ուզում եմ մի փոքրիկ շարք տպագրել` գրպանի գրքույկ, որի ամեն էջին այդ բանաստեղծություններիցս մեկը կլինի: Սակայն դեռ չեմ շտապում... սպասում եմ...










