Հուլիսի 5-ին Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ»-ի մենահամերգը

20:32 • 29.06.12

Հուլիսի 5-ին, ժամը 19.00-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ»-ի մենահամերգը, տեղեկանում ենք համույթի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Ծրագրում հայկական և այլ ժողովուրդների պարերն են:


««Բարեկամություն» համույթի անդավաճան երկրպագուների մեծաքանակ բանակին և պարարվեստասեր հայ և օտարազգի ողջ հասարակությանը հնարավորություն կընձեռվի հերթական անգամ վայելելու բարձրակարգ և նրբաճաշակ պարարվեստ: Ինչպես բոլոր նախորդ ելույթների ժամանակ, այս անգամ ևս, համույթը հանդիսատեսին կպարգևի իրական տոն»,- նշվում է հաղորդագրության մեջ:


Նշենք, որ համույթը 25 տարի շարունակ մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Բազմաժանր է «Բարեկամություն» համույթի պարացանկը` հագեցված հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների երաժշտությունների վրա բեմադրված պարային համարներով, ժամանակակից և տարբեր ազգերի ժողովրդական պարերով. գնչուական, մոլդովական, ուկրանական, հունական ժողովրդական պարերով, «Հրեական հարսանիք», վրացական «Դաիսի», հնդկական, արաբական և աշխարհի այլ ժողովուրդների պարերով է համեմված «Բարեկամություն» համույթի պարացանկը:


Սակայն, ստեղծման առաջին օրվանից միչևս օրս, համույթը շարունակում է հավատարիմ մնալ` հայկականը աշխարհին արժանավայել և պատշեճ ներկայացնելու իր որդեգրած սկզբունքին`պարացանկում առանձնահատուկ տեղ հատկացնելով հայկական պարարվեստին, հայեցի մտածողությամբ և ոգով արարված պարային բեմադրություններին. «Հերոսական Բալլադ», «Կռունկ». «Լոռեցի Սաքո», «Ազգագրական», «Թամզարա» և հայկական բազմաթիվ այլ ստեղծագործություններ համույթի պարացանկը դարձնում են առավել գրավիչ և հետաքրքիր: