Եթե տեղյակ լինեին Երվանդ Քոչարի տարածական նկարչությունից, եռաչափ պատկեր տեսնելով չէին զարմանա. Ռուբեն Քոչար
Հայազգի մեծանուն արվեստագետները մոռացվում են. բարձրաձայնում է կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, և որպես իր խոսքի հաստատում հիշեցնում բոլորովին վերջերս «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բացված եռաչափ նկարի հանդեպ բուռն զարմանքը: Այսօր հրավիրված ասուլիսին ռեժիսորը նշում է, որ այդպիսի նկարից գոնե մեր հասարակությունը ոչ թե պետք է զարմանա, այլ ընդամենը ուրախանա՝ տեղյակ լինելով Երվանդ Քոչարի տարածական նկարչությունից:
«Մեր մշակույթի գործիչների աշխատանքները չեն պրոպագանդվում, օրինակ, Երվանդ Քոչարի հանճարեղ եզրակացության մասին մեր ժողովուրդը համարյա չգիտի, ինչի մասին էր խոսում Քոչարը: Գյուտեր ունենք արած, հանճարեղ բացահայտումներ, և հանկարծ գալիս է մեկը և մեզ սովորեցնում է դրանք» ,-ասաց նա և պարզաբանեց, որ ինքը ոչ թե փնովում է «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի պատկերի ստեղծագործողին, այլ ընդամենը ցանկանում է , որպեսզի մենք իմանանք մերը. «Չէ որ մենք դրա լավագույն օրինակը ունենք»,-նշում է նա:
Ռուբեն Քոչարը նկատում է, որ նման խորությամբ նկարներ գոյություն ունեին դեռևս Վերածննդի շրջանում և օրինակ է բերում Միքելանջելոյի Սիքսթինյան մատուռի առաստաղին նկարված նկարը: «Եթե այն ժամանակ հոգևոր կար, մարդիկ վերև էին ուզում նայել, դեպի երկինք գնալ, այսօր արդեն գետի են ուզում մտնել, անդունդ»,- ասաց նա:
Այս բացը լրացնելու համար է, որ Ռուբեն Քոչարը նկարել է «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Մշակույթի նախարարության և Քոչարի թանգարանի համատեղ աջակցությամբ:
Ֆիլմի ռեժիսորը նշեց, որ 16 րոպե տևողությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիս 12-ին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ կներկայացվի, թե ով է առաջինը խոսել տարածական նկարչության և ընդհանրապես եռաչափ պատկերի մասին:
Ասուլիսին ներկա Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյանը Ռուբեն Քոչարին ուղղում է: Երվանդ Քոչարը ոչ թե եռաչափ՝ 3D-ի մասին էր խոսում, այլ 4D-ի:
«Երվանդ Քոչարը իր ժամանակից առաջ էր անցել, երբ խոսեց ոչ միայն երեք չափումների մասին, որոնց մասին սկսեցին խոսել միայն կոմպյուտերային չափումներից հետո, այլ իր նկարներում պատկերեց նաև չորրորդ չափումը՝ բարձրություն, խորություն, լայնություն և չորրորդը, որ կար Քոչարի նկարներում, դա ժամանակն էր»,- ասաց նա:
Տնօրենի խոսքերով՝ Քոչարի նորարարական նկարների մասին դրսում ավելի շատ գիտեն, քան այստեղ: Նա նշեց, որ այս տարի մշակութային խոշոր իրադարձություներից համարվող «ArtMonaco-Expo 2012»-ին Քոչարի 1927թ.-ին արված տարածանկարն արժանացել է «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին: «Մրցանակը տրվում է 20-րդ դարի գեղարվեստի զարգացման ընթացքի վրա նորարարական նշանակալից ներդրում ունեցած ստեղծագործություններին»,- ասաց նա և հավելեց, որ Քոչարի տարածանկարն էլ նշյալ ցուցահանդեսի խորհրդանիշներն էր, և պատկերված էր «էքսպո»-ն գովազդող բոլոր ազդագրերին:
Ավելի լավ հասկանալու համար մրցանակի նշանակությունը, նա նշում է, որ «ArtMonaco-Expo 2012»-ին մասնակցել է 99 պատկերասրահ՝ շուրջ 4000 արվեստի գործեր, որոնց թվում են եղել Պիկասոյի, Բուտերոյի, Մոդիլյանիի և այլ աշխարհահռչակ վարպետների ստեղծագործություններ:
Ի դեպ, նա հավելեց, որ նախանցյալ տարի այս ցուցահանդեսի գլխավոր մրցանակին էր արժանացել Պիկասոյի, իսկ անցյալ տարի՝ Մարգրիտի գործը:










