Ազգի ու պետականության փրկությունը ազգային մշակույթն է. «Ազգային բաց նախագիծ»
Ազգային արժեհամակարգի բարձրացումը միայն կարող է պետությանն ու ժողովրդին դուրս բերել առկա ճգնաժամից: Այս համոզման է «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, «Ազգային բաց նախագիծ» խմբի համակարգող Վանո Դադոյանը, ով պնդում է, որ աշխարհը ցնցած ճգնաժամն իր խորքում տնտեսական չէ:
«Ինչքան էլ կոչվում է տնտեսական, դա տնտեսական չէ, այն սկսել է 200 տարի առաջ, երբ մարդն սկսեց զարկ տալ գիտությանը, բաց թողելով մի քանի կարևոր բաղադրիչներ»,- նշում է Վանո Դադոյանը և հավելում, որ պետության հիմքը ազգային մշակույթն է՝ հիմնված հոգևոր արժեհամակարգի վրա:
«Ազգային մշակույթները զարգացնելու համար երեք ուղղություններ կան՝ առաջինը նյութական աշխարհի զարգացումն է, երկրորդը՝ գիտական, և ապա հոգևորը, բայց ոչ կրոնական հավատը»,- ասաց նա և ավելացրեց, որ երրորդ բաղադրիչը աստիճանաբար ոչնչանում է:
Վանո Դադոյանը բերեց Եվրոպայի օրինակը. «Եվրոպայում մարդիկ ունեն ամեն ինչ, բայց մենակ են և չեն կարողանում իրենց ստեղծագործական կյանքը դասավորել»:
Բանախոսի պնդմամբ՝ Հայաստանում քաղաքական առումով առաջարկները թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության նույնն են։
«Նրանց պայքարը նույն արժեհամակարգի վրա է, խոսում են միմիայն ժողովրդական և ազատական արժեհամակարգից, որից լուծում իրականում չկա»,- նշում է նա և հավելում, որ հայ ժողովուրդը գոյատևման վիճակում է և դրան զուգահեռ չունի հեռահար նպատակ և խնդիրներ:
«Չունենք նվիրում ոչ ազգին, ոչ պետությանը, հիմնականում ճամպրուկային տրամադրություն է և դա միայն այն պատճառով, որ 400-500 տարի առաջ կորցրել ենք այդ բաղադրիչները, որի կրողն ենք եղել»,- ասաց նա և ավելացրեց, որ կուսակցությունները չեն կարող լուծել խնդիրը, դա ամբողջ ազգի վրա է դրված:
Ասուլիսին ներկա միջազգային փորձագետ Վարդան Հայկազյանը տեղեկացնում է, որ փրկության համար տարվող փորձերի հիմնաքարերը դրված են: Ըստ նրա, «Ազգային բաց նախագիծ» խումբն ամեն հինգշաբթի Պուշկինի 38 հասցեում գտնվող «Կենաց տուն» կենտրոնում հավաքվում են և նշված արժեքների շուրջ խոսում:
Նա ցանկացողներին հրավիրում է քննարկմանը և նշում, որ այս կերպով իրենք ցանկություն ունեն փշրելու եղած կարծրատիպերը:
«Եթե առաջ ավանգարդը լայնաճակատներն էին, այսօր հաստավիզներն են»,- նշում է նա և բոլոր կուսակցականներին խորհուրդ է տալիս ոչ թե իրենց կյանքը մաշեցնեն այս կամ այն կուսակցությունում, հացի վրա պանիր դնելու համար, այլ ավելի խորքային մտածեն:










