Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն

22:26 • 04.07.12

Սարդարապատի հուշահամալիրում հուլիսի 11-ին տեղի կունենա ազգային-ավանդական ճաշատեսակի՝ տոլմայի փառատոն:
 

Այն կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։
 

Միջոցառման նպատակը հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է և հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաև տոլմայի ներկայացումը որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն տարածված թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:
 

Տոլման հայերի ամենասիրած, ամենամասսայական կերակրատեսակներից է և հայ մշակույթի մեջ ունի նաև ծիսական նշանակություն: Տոլմայի պատրաստումը ժամանակատար աշխատանք է և բավական բարդ տեխնոլոգիա ունի: Ավանդական տոլման եղել է գառի մսով և խաղողի թփով:


Փառատոնի ժամանակ 20 տաղավարներ ներկայացնում են իրենց պատրաստած տոլմայի տեսակները, ինչպես նաև անց է կացվում մրցույթ` լավագույն տոլմա պատրաստողին որոշելու համար:


Ստանալով շատ դրական արձագանքներ տոլմայի փառատոնի մասին, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն որոշել է այն դարձնել ամենամյա միջոցառում: