«Ոսկե ծիրան»–ի ֆիլմերի մասին կարելի է տեղեկանալ նաև բջջային հեռախոսներով
Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասու կլինի նաև բջջային ցանցում:
«Մշակվել է հատուկ բջջային ծառայություն, որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների ամբողջական ծրագիրը՝ ներառյալ ցուցադրվող ֆիլմերի օրը, ժամը, վայրը, ինչպես նաև ֆիլմերի մասին հակիրճ տեղեկություն»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց փառատոնի միջազգային բաժնի վարիչ Տաթև Մարտիրոսյանը։
Նա նաև նշեց, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բջջային հեռախոսների համար նախատեսված համակարգը՝ mobile application ծրագիրը ներբեռնել հեռախոս և ամբողջական ինֆորմացիա ստանալ ֆիլմերի մասին:
Ըստ նրա, ծրագիրը ներառում է նաև հիշեցման ծառայություն, որի միջոցով հնարավոր կլինի նշել նախընտրած ֆիլմը և բջջային հաղորդագրությամբ ցուցադրությունից մոտ երկու ժամ առաջ ստանալ հիշեցումը:
«Ծրագիրը կսկսի գործել վաղվանից՝ հուլիսի 5-ից և դրա մասին կհայտարարվի նաև մեր ինտերնետային կայքում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը, որի շրջանակներում կներկայացվեն շուրջ 170 ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնցից մոտ 90-ը կմրցեն 4 մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում:
Փառատոնի բացումը կազդարարի Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» ֆիլմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի Վահագն Հայրապետյանի՝ հատուկ այս ֆիլմի համար մշակված ջազային կենդանի ձևավորմամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի ֆրանսահայ դերասան Ժիրայր Բաբազեանը:
Ֆիլմերի ցուցադրությունը տեղի կունենա «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնում, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դահլիճներում:
Փառատոնը կուղեկցվի ամեն օր Շարլ Ազնավուրի հրապարակում կայացող ջազ համերգներով: «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում կցուցադրվի լուսանկարչական ցուցահանդես՝ ներկայացնելով համաշխարհային կինոյի մեծ վարպետներին, ովքեր նախորդ տարիներին արժանացել են «Ոսկե ծիրան»-ի և «Փարաջանովյան թալեր» մրցանակին համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար:
Փառատոնը կամփոփվի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմի ցուցադրությամբ:
Ի դեպ, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարի ֆիլմերի տոմսերը կվաճառվեն 500 դրամով:










