Սերիալներից հրաժարվելու փոխարեն, հարկավոր է լավ սերիալներ նկարել. գրող
Հեռուստատեսությունը չպետք է հրաժարվի սերիալներից, դրանք պարզապես պետք է լինեն մարդավարի, լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց գրող Սերգեյ Գալոյանը։
Նա նշեց, որ սերիալների համար կարելի է գրել նաև հրաշալի սցենարներ, որոնք միայն հաճույք կպատճառեն հեռուստադիտողներին:
«Այն, ինչ այսօր ցուցադրվում է սերիալներում, իրական կյանքին չի համապատասխանում: Այդ գողական աշխարհը, որ ցույց են տալիս, դրանք գողականների պահվածք չէ, այլ խուժանների»,– ասաց նա:
«Ես ինքս ճանաչել եմ գողական մարդկանց, նրանք այդպես չեն խոսում ու իրենց այդպես չեն պահում: Պետք է վերջ տալ որբեր նկարելուց կամ «շո՛ւտ արեք, ինձ տղամա՛րդ հասցրեք»: Ախր, սա չէ մեր հասարակությունը»,- ավելացրեց նա։
Սցենարի մասին իր դիտարկումն արեց նաև դերասան Տիգրան Ներսիսյանը: Նա նշեց, որ ցանկացած սցենարիստ իր սցենարը գրելիս պետք է հասկանա, թե ինչ նպատակներ է հետապնդում և ինչ ասելիք ունի:
«Սցենարը ֆիլմի, թատրոնի, սերիալի հիմքն է: Սերիալների սցենարներում հաճախ տեսնում ես, որ խորություն չկա, ասելիք չկա: Մենք այսօր ունենք հերոսի կերպար ներկայացնելու խնդիր: Մենք, իհարկե, բացասական հերոսին էլ է պետք ցույց տալ, բայց դրան զուգահեռ տանելով հերոսի կերպարը»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե արդյոք այսօր սերիալների սցենարները գրելը չի կենտրոնացել կիսագրագետ սցենարիստների ձեռքում, Տիգրան Ներսիսյանն ու գրող Սերգեյ Գալոյանը չհամաձայնեցին:
«Խնդիրը գալիս է պատվերից: Ինչպիսի պատվեր ստանում են, այնպիսի սցենար էլ գրում են»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Իսկ Տիգրան Ներսիսյանը, համաձայնելով վերոնշյալի հետ ավելացրեց, որ այստեղ կա նաև ֆինանսական կողմի խնդիրը:
«Սերիալը պատվիրողը նաև հետևում է իր բյուջեին: Իհարկե, ամեն արվեստագետ ու սցենարիստ մի գնով է աշխատում: Եվ հաճախ հենց այս խնդիրներից ելնելով հնարավոր է՝ սերիալը սցենարը գրելը տրվի ոչ այնքան կարող ու ոչ տաղանդավոր մարդու»,-ասաց նա։










