Նկարիչները պահանջում են ստեղծագործական միություների մասին օրենք. հույսը Շուշան Պետրոսյանն է

12:02 • 05.07.12

Յոթից ութ տարի է, ինչ արվեստի գործիչները խնդրում ու պահանջում են Ազգային ժողովին ընդունել ստեղծագործող անհատի և ստեղծագործական միություների մասին օրենք, սակայն սայլը տեղից չի շարժվում:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս թեմայով կրկին անգամ բարձրաձայնեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը (աջում), ով նշեց, որ իրենց պահանջն է նաև, որպեսզի վերականգնեն արվեստանոցները:


«Սա օգնում է , որ մշակույթի գործիչներին ճիշտ առնչվել պետության հետ, պետությունը որոշակի պարտավորություններ է վերցնում իր վրա այդ օրենքի հիման վրա, որի բացակայությունը խանգարում է»,- նշեց նա:


Օրենքի բացակայությունից բացի այդ, միության նախագահը մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր է համարում այն, որ արվեստանոցները համարվում են հասարակական գործունեություն ծավալող օբյեկտ:


«Աշխարհում նման երկիր չկա, որ արվեստանոցների գույքահարկը հավասարեցված լինի կազինոյի, խանութի գույքահարկին: Մեր երկրում հենց այդպես է։ Այս մասին բազմաթիվ տարիներ է՝ ասվում է, բայց նույնպես ոչ մի փոփոխություն»,- ասաց նա:


Ասուլիսին ներկա միության երիտասարդ անդամ Վահագն Գալստյանն ասաց, որ արվեստանոցների խնդիրը հատկապես «օրհասական է» հենց երիտասարդների համար:


«Որովհետև եթե Խորհրդային միության տարիներին աշխատած մեր արվեստագետները ժառանգել են արվեստանոցներ տարբեր կարգավիճակներով, ապա մեր՝ երիտասարդներիս համար նոր արվեստանոց ունենալը գրեթե երազանք է»,- ասաց նա։


Վահագն Գալստյանն ավելացրեց, որ մինչև չլինի պետական կարգավիճակ արվեստանոցների մասին, իրենք չեն կարող ակնկալել, խնդրել պետությունից հատկացնել որոշ տարածքներ արվեստով զբաղվելու համար:


«Որովհետև որպես ի՞նչ պետք է խնդրենք. որպես բնակարան՝ չի լինում, որպես արտադրամաս՝ չի համապատասխանում, փաստորեն ստացվում է առանց կարգավիճակի չի լինի նաև արվեստանոցների խնդիրը լուծել»,- ասաց նա:


Երիտասարդ նկարիչը հստակեցրեց, որ իրենք պահանջում են արդեն եղած արվեստանոցները նախ զեղչված համակարգով հարկվեն, եթե հնարավոր է մարվեն նախկինում եղած մեծ պարտքերը և հնարավորության դեպքում ազատ տարածքներ, որոնք իրենք կփորձեն գտնել, հնարավոր լինի հատկացվեն որպես արվեստանոցներ:


«Դրանք կլինեն Մշակույթի նախարարության ենթակայության տակ, այսինքն՝ պետական սեփականություն և մենք կկարողանաք օգտագործել միայն նպատակային։ Եթե որևիցե մեկը հրաժարվի, այդ տարածքը չի դառնա օբյեկտ, այլ կփոխանցվի այլ արվեստագետի էլի նպատակային ծառայելու համար»,-ասաց նա և ավելացրեց, որ այս պահանջներով երիտասարդ նկարիչները պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ-ին՝ համապատասխան օրենք ընդունելու համար:


Միության նախագահի վեր հանած խնդիրները դրանով չեն սահմանափակվում: Նա նկատում է, որ եթե ժամանակին ստեղծագործ միության անդամ լինելը համարվում էր աշխատանքային ստաժ, այսօր այդ բանը չկա:


«Մարդը երկար տարիներ ստեղծագործել է և տարեց է, սակայն պարզվում է, որ աշխատանքային ստաժ չունի»,- նշում է նա:


Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հավատացնում է, որ Միության գոյությունն արդարացված է նրանով, որ նախ նման միություններ աշխարհի բոլոր երկրներում կան, հետո ցուցահանդեսներ են կազմակերպվում հիմնականում Միության ջանքերով: «Միությունը չլիներ, կերպարվեստը կմահանար, երկու կարծիք չկա»,- ասաց նա:


Կարեն Աղամյանը վերջում հավելեց, որ որպես մշակույթի գործիչ Շուշան Պետրոսյանի մուտքն ԱԺ նրանց հույս է տվել: Ինքը նույնիսկ հասցրել է Շուշան Պետրոսյանի հոր հետ հանդիպել, ով նույնպես գեղանկարիչ է: Նա նշել է, որ աղջկա հետ կխոսի, որ այս թեման առաջ գնա: